«ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցները, որոնց մարդիկ ճանաչել են, Տարոն Մարգարյանի Կոմիտաս-56 հասցեում գտնվող նախընտրական շտաբ փող են մտցրել: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա այցելել է այդ շտաբ եւ ցուցադրել, որ երեք անձ ապակե դռների հետեւից հսկում են դուռը, որ հանկարծ մարդ չմտնի:

«Կասկածներ կան, որ ներսում ընտրակաշառք են բաժանում, կամ պատրաստվում են բաժանելուն: Ես հույս ունեմ, որ այս իրավիճակը լրատվամիջոցների ուշադրությանը կարժանանա: Մեր շտաբի դռները բոլորի առջեւ բաց են»,-նշել է Փաշինյանը:

Այնուհետեւ շտաբից դուրս եկավ ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը եւ ներս հրավիրեց Փաշինյանին եւ նրան ուղեկցողներին:

Ներսում կրքերը թեժացան եւ մի թեթեւ քաշքշոց եղավ կողմերի միջեւ:

Շենքից դուրս գալուց հետո Փաշինյանը նշեց. «Որոշակի տվյալներ ունենք, որ այստեղ ընտրակաշառք է բաժանվել, իմացանք՝ գործող անձինք ովքեր են, փաստաթղթերը կուսումնասիրենք եւ կհանձնենք ոստիկանություն»: