Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հաղորդեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել են: «Մենք 6 ամիս ունենք՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումը պատրաստելու եւ ուղարկելու համար, բայց մենք ավելի վաղ կդիմենք: Հիմա նախապատրաստական փուլում ենք»,- նշեց Արթուր Սաքունցը: Պահանջը նույնն է. ճանաչել, որ գործը բացահայտված չէ եւ ուղարկել վերաքննության:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Հիշեցնենք, 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։

Նշենք, որ պատրաստվում է ՄԻԵԴ դիմել նաեւ տուժածների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: