«Ծառուկյան» դաշինքի խմբակցության նորընտիր պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից:

Ազիզյանը, որն այն 8 պատգամավորներից էր, որոնք ըմբոստացել էին Գագիկ Ծառուկյանի որոշման դեմ եւ հետ վերցրել ինքնաբացարկի դիմումները, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն մանդատը վերցրել է եւ չի հրաժարվելու:

Լրագրողների դիտարկմանը, թե ավելի վաղ հայտարարել էիք, թե այսօրվա նիստում է որոշվելու մանդատ վերցնել- չվերցնելու հարցը, նորընտիր պատգամավորը մտքափոխվեց. «Ուրեմն ճիշտ եմ ասել, ոնց որ կորոշվի: Ես հիմա որոշե՞լ եմ, ես ըտենց բան ասացի՞»:

Անդրադառնալով ավելի վաղ լրատվամիջոցներին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե ինքը մանդատը «մատաղ կանի Ծառուկյանի ոտքերի տակ», Նապոլեոն Ազիզյանը նշեց. «Լավ եմ արել, ես պախկվոցի չեմ խաղում, որ ասել եմ»:

Նորընտիր պատգամավորը հորդորեց սպասել նիստի ավարտին: Այնուամենայնիվ, նա նշեց, որ ինքը ցանկանում է աշխատել խորհրդարանում: