Ռուսաստանում Պերմյակովը լիարժեք պատիժ կկրի: Մայիսի 18-ին՝ նոր գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Անդրադառնալով Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու հարցին՝ նա նշեց, որ դատապարտյալին իր քաղաքացիության երկիր ուղարկելը պայմանագրային դրույթ է, որը գործում է 1946 թվականից: «Սա տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա: Երբ հանցագործություն կատարած անձը հանձնվում է իր քաղաքացիության երկրին, դա երկրի արժանապատվության ոտնահարում չէ: Այս տարիներին մեծ թվով հայեր են հանձնվել այստեղ պատիժը կրելու համար: Եվ սա չի նշանակում, որ մյուս երկրի արժանապատվությունը նվաստացվել է: Մենք չենք կարող սա այդքան հիվանդագին ընդունել, քանի որ խոսքը ընդամենը իրավական գործընթացների մասին է»,- ընդգծեց Կոստանյանը: 

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանի հետ Պերմյակովի փոխանակման հնարավորության առնչությամբ նա ասաց, որ հանցագործությունների տարբերությունը ոչ մի կապ չունի դատապարտյալներին ուղարկելու եւ հանձնելու գործընթացի հետ: «Մենք խոսում ենք ոչ թե դատապարտյալների փոխանակության, այլ դատապարտյալին հանձնելու մասին: Երկրները պետք է երաշխավորեն պատժի կրման գործընթացը: Սա նույնպես պայմանագրային գործընթաց է»,- նշեց նախկին գլխավոր դատախազը: 

Հարցին՝ Պերմյակովը Ռուսաստանում պատիժը լիարժե՞ք կկրի, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Սա բխում է պայմանագրային պարտավորություններից: Եվ եթե որեւէ երկիր խախտում է իր պայմանագրային պարտավորությունները, դա այլ հետեւանքների կհանգեցնի»:

Հայկական որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ պատրաստվում են Վալերի Պերմյակովին փոխանակել Հրաչյա Հարությունյանի հետ, որը պատիժ է կրում Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության` 2015 թվականի հունվարին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյան ընտանիքի տուն ու կյանքից զրկել յոթ մարդու, այդ թվում` երկու երեխաների: Դրանից հետո նա թողել է համազգեստը, հրացանն ու անհետացել: Ռուս սահմանապահները նրան հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: 2015 թվականի օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման: Օգոստոսի 23-ին Հայաստանի Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել յոթ մարդու սպանության մեջ եւ նրան ցմահ ազատազրկման դատապարտել:

Հրաչյա Հարությունյանը վարել է մանրախճով բեռնված բեռնատարի ղեկին, որը 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ մխրճվել է ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է: Դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: