Հայաստանի Սահմանադրական դատարանը դիմում է ստացել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի կապակցությամբ ։

NEWS.am-ի թղթակցին փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնել է, որ դիմումը ներկայացվել է նախօրեին։ Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին։

Առաջին ատյանի դատարանում փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որը ներկայացնում է տուժածների իրավահաջորդների՝ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի ու Անդրանիկ Պողոսյանի շահերը, ներկայացրել է քաղաքացիական հայց՝ վնասի փոխհատուցման մասին։ Հայցի արժեքը գնահատվում է 50 հազարական եվրո ՝ ընտանիքի յուրաքանչյուր մեծահասակ անդամի ու 100 հազարական եվրո երեխաների՝ Հասմիկ ու Սերյոժա Ավետիսյանների համար։

«Առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում՝ հրաժարվելով հայցը վարույթ ընդունել ։ Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է առանց քննարկման։ Վճռաբեկ դատարանում իրավիճակը կրկնվել է։ Դրա համար էլ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ այն օրենսդրական նորմի մասով, որը ստեղծում է նման իրավիճակ»,- հայտնել է Արամազդ Կիվիրյանը, նշելով, որ Վերաքննիչ դատարանը որոշումը բացատրել է նրանով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս բողոքարկել վերոնշյալ որոշումը։