Ըստ օգտատերերի՝ Instagram-ը վատագույն սոցցանցն է հոգեկան առողջության վրա իր ազդեցությամբ, այս մասին են վկայում Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է BBC-ը ։

Առողջապահության թագավորական միության հետազոտությանը մասնակցել է 14-24 տարեկան 1479 մարդ։ Նրանց առաջարկել են գնահատել, թե հինգ պոպուլյար սոցցանցերից որն է ամենաբացասական ազդեցությունը թողնում օգտատերերի վրա։

Մասնակիցները պետք է պատասխանեն մի շարք հարցերի այն մասին, թե ինչպես են YouTube, Instagram, Snapchat, Facebook ու Twitter սոցցանցերը ազդում իրենց առողջության ու բարեկեցության վրա։ Նրանք  յուրաքանչյուր սոցցանցին միավորներ էին բաշխում 14 չափանիշներով, որոնք վերաբերում էին այնպիսի խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը, մենությունը, ցածր ինքնագնահատականը։ Ըստ հարցման արդյունքների, հոգեկան առողջության վրա դրական է ազդում YouTube-ը, նաեւ Twitter-ն ու Facebook-ը։ Ամենավատ գնահատականներն են ստացել Instagram-ն ու Snapchat-ը։

«Հետաքրքիր է, որ հոգեկան առողջության ու բարեկեցության վրա իրենց ազդեցությամբ Instagram и Snapchat –ն են հայտնվել վարկանիշի վերջում՝  երկու հարթակներն էլ ավելի շատ լուսանկարների հրապարակում են ենթադրում, ու ամենայն հավանականությամբ դա ստիպում է ,որ երիտասարդները իրենց թերարժեք զգան ու մտահոգում է նրանց»,- ասում է Առողջապահության թագավորական միության ղեկավար Շիրլի Կրամերը։

Հետազոտության մեջ ասվում է, որ սոցցանցերը կարող են ուժեղացնել երիտասարդների հոգեկան խնդիրները, բայց կարող են նաեւ դրական ազդել, եթե օնլայն հարթակները իրենց աշխատանքը դրան ուղղեն։ Կազմակերպության կարծիքով սոցիալական մեդիան պետք է օգտատերերին զգուշացնի, որ հրապարակված լուսանկարները մշակված են հատուկ ծրագրերով։  Դա հատկապես վերաբերում է հանրահայտ մարդկանց էջերին ու գովազդային հրապարակումներին։