Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի մերժել է 4 տարի առաջ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի քաղաքացիական հայցը:

Մհեր Պետրոսյանը, որն արդեն 4 տարի բուժում է ստանում եւ արտասահմանում նրա բուժումը կազմակերպվում է Կառավարության տրամադրած 26 մլն դրամով, քաղաքացիական հայց էր ներկայացրել իր վրա կրակած Տիգրան Բալասանյանի դեմ:

Շուրջ 3 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո դատարանը որոշում է կայացրել Տիգրան Բալասանյանից բռնագանձել 510 հազար դրամ, որից 110 հազարը որպես առողջությանը պատճառված վնասի արդյունքում կորցրած աշխատավարձ, մինչև Մհեր Պետրոսյանի աշխատունակության վերականգնումը, 200 հազար դրամը՝ որպես Մհեր Պետրոսյանի առողջական վիճակի բարելավման համար կատարված մասնակի ծախս, ևս 200 հազար դրամ՝ որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված դատական ծախս: Պետրոսյանները Բալասանյաններից պահանջում էին նաեւ 3 մլն 715 հազար դրամ, հայցը, սակայն ամբողջությամբ մերժվել է:

Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր 2013թ. հունվարի 14-ին ծառայակցի արձակած կրակոցից: ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում շարքային Տիգրան Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել էր. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետեւ կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն ավելի քան 4 տարի պայքարում է ապրելու համար: