Տարոն Մարգարյանի շտաբում մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, տեղի ունեցած միջադեպից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ փոխտնօրեն  Արսեն Գրիգորյանը: Նա նշեց, որ Լիլիթ Դրամփյանը պետք է մնա ամբուլատոր հսկողության տակ:

Նշենք, որ Լիլիթի մոտ  ախտորոշվել էր ուղեղի ցնցում:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենաներով տարել էին: