Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն:

«Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձեւով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձեւով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն եւ ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների  պրոֆեսիոնալ անձնակազմի ձեւավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ դպրոցական խորհուրդները հաճախ ոչ թե իրենց աշխատանքով են զբաղվում, այլ՝ ծառայում կոնկրետ անձանց:

«Հաճախ տեսնում ենք, որ դպրոցական խորհուրդները կոնկրետ անձերի, կամ կոնկրետ շահերի կամակատարներ են դառնում, այլ ոչ թե պաշտպանում այն առաքելությունը, որի համար կոչված են եղել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: