«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պարտությունն անցած մրցաշրջանը կդարձնի գրեթե ձախողված, իսկ հաղթանակը՝ գրեթե հաջողված: Այս մասին News.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Եվրոպայի Լիգայի եզրափակիչից առաջ նշեց ռուս հայտնի մեկնաբան ու հաղորդավար Վլադիմիր Ստոգնիենկոն:

«Բոլորը ցանկանում են տեսնել արդյունավետ եզրափակիչ, բայց վախենամ, որ այդպես չլինի: Հաճա՞խ եք տեսել Մոուրինյոյի թիմերի մասնակցությամբ արդյունավետ եզրափակիչներ: Այս մրցաշրջանում մեկ անգամ եղավ՝ Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչում, երբ «Սաութհեմփթոնի» հետ խաղն ավարտվեց 3:2 հաշվով: Բայց այդ խաղն այլ արժեք ուներ: Եվրոպայի Լիգայի եզրափակիչը կորոշի, թե ինչպիսի մրցաշրջան անցկացրեց ՄՅՈՒ-ն: Պարտությունն այն կսարքի գրեթե ձախողված, իսկ հաղթանակը՝ գրեթե հաջողված: Բացի այդ՝ «Յունայթեդի» պարտությունը եւ հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում չխաղալը թիմին կարժենա 50 միլիոն ֆունտ՝ ՉԼ-ի եկամուտները եւ տուգանքը Adidas-ի հետ համագործակցությունից: Մոուրինյոն շեշտը դրել է Եվրոպայի Լիգայի վրա՝ հրաժարվելով Անգլիայի առաջնությունում չորրորդ տեղի համար պայքարից: Այդ պատճառով նրանք շատ կենտրոնացած ու պատրաստված պետք է մոտենան խաղին:

«Այաքս»-ի մասին չարժե դատել՝ «Լիոն»-ի հետ խելահեղ խաղերից ելնելով: Այն նույնպես կարգապահ, պրագմատիկ եւ հուսալի պաշտպանություն ունեցող թիմ է: Պետեր Բոսն այս տարի լիովինփոխել է պաշտպանությունը՝  նախորդ մրցաշրջանի համեմատ, երբ այն մարզում էր Ֆրանկ դե Բուրը: Նրանք ավելի շատ չեն բաց թողնում՝ միջինը առաջնության մեկ խաղում մեկ գոլից պակաս են ընդունում: Նիկ Վիրգեվերի որակազրկումը տեղին չէր, բայց Բոսը փոխարինողներ ունի: Ես այս խաղում, կարծում եմ, կսատարեմ «Այաքս»-ին: Երիտասարդ թիմերը, որոնք բաղկացած են լինում հիմնականում իրենց սաներից, միշտ համակրանքի են արժանանում»,- ասաց Ստոգնիենկոն:

Վերա Մարտիրոսյան