Ես մեկնաբանելու եմ այս խաղը եւ կոռեկտ չի լինի, որ ասեմ՝ ում եմ սատարում: Կա ֆուտբոլիստ, ում անհատական խաղը շատ եմ համակրում: Այս մասին Եվրոպայի Լիգայի եզրափակիչից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նա Матч Тв-ի եթերում այսօր Ստոքհոլմից մեկնաբանելու է «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:

«Կարծում եմ՝ եզրափակիչում հնարավորություները միշտ հավասար են գնահատվում: Պարզ է, որ «Մանչեսթեր»-ն իր կատարողների շնորհիվ ավելի բարձրակարգ ու փորձառու թիմ է: Բայց, ամեն դեպքում, սա մեկ խաղ է: Եվ «Այաքս»-ն ունի այդ մեկ խաղը, որպեսզի նվաճի գավաթը: Հիմա կարելի է ենթադրություններ անել, բայց խաղի ժամանակ, վստահ եմ, երկու թիմերն էլ առավելագույնը տրամադրված են լինելու:

«Այաքս»-ը միշտ վերջին խաղերում հետնապահի դերում է եղել, բայց մյուս կողմից էլ ՄՅՈՒ-ն հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում, որտեղ յուրաքանչյուր խաղ հավասարազոր է, գուցե ավելի բարդ, քան Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆի խաղերը: Այդ պատճառով կարծում եմ, որ տեղին չի լինի համեմատել թիմերի անցած ուղին:

Ինչ վերաբերում է իմ անձնական նախասիրություններին. ես մեկնաբանելու եմ այս խաղը եւ կոռեկտ չի լինի, որ ասեմ՝ ում եմ սատարում: Կա ֆուտբոլիստ, ում անհատական խաղը շատ եմ համակրում: Ես շատ մեծ հույս ունեմ, որ Մխիթարյանը գոլի հեղինակ կդառնա: Շատ եմ ցանկանում, որ նա իրեն լավ դրսեւորի եւ յուրաքանչյուր հայ հպարտություն զգա, որ Մխիթարյանը խաղում է Եվրոպայի Լիգայի եզրափակիչում»,- ասաց Առուստամյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Վերա Մարտիրոսյան