Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի ամենահավանական թեկնածուները երեքն են՝ Լեւոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ եւ Վլադիմիր Կրամնիկ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով 2011-ի գարնանը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։

«Իհարկե, հավակնորդների ցուցակում Վեսելին Տոպալովն ու Մագնուս Կարլսենն էլ կան, սակայն նրանք արդեն զիջում են իրենց դիրքերը։ Սակայն հատկանշականն այն է, որ բոլոր  շախմատիստները, ովքեր մասնակցելու են մրցաշարին, շատ ուժեղ են եւ կարող են անակնկալներ մատուցել»,- նշեց Սմբատ Լպուտյանը։

Հարցին՝ երկու ուժեղագույններից ո՞ւմ հետ ավելի դժվար կլինի Արոնյանի համար` աշխարհի չեմպիոնի տիտղոսի վիճարկման ժամանակ՝ Վիշվանաթան Անանդի՞, թե՞ Վլադիմիր Կրամնիկի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը նկատեց. «Դժվար է ասել։ Դա կախված է նրանից, թե ով ինչպես է պատրաստվում մրցաշարին։ Երկուսն էլ շատ փորձառու եւ հզոր շախմատիստներ են։ Անանդն աշխարհի չեմպիոն է, Կրամնիկը՝ եւս։ Ընդհանուր առմամբ, նրանց երկուսի հետ էլ դժվար է խաղալ, Լեւոնի հետ՝ նույնպես։ Լեւոնը ներկա պահին  ցույց է տալիս խաղ, որը նրան թույլ կտա դառնալ աշխարհի չեմպիոն»,- ամփոփեց Լպուտյանը։

Նշենք, որ ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ժամկետը: Այն կանցկացվի 2011թ. մայիսի 3-27-ին` Կազանում:

Միջազգային ֆեդերացիան նաեւ հրապարակել է ութ հավակնորդների անունները. Վեսելին Տոպալով, Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ, Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Շաքրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով եւ Գատա Կամսկի: Այս շախմատիստները, այդ թվում մրցաշարից հրաժարված Մագնուս Կարլսենը մինչեւ դեկտեմբերի 22-ը պետք է կամ ստորագրեն, կամ հրաժարվեն մասնակցության պայմանագրից: Հրաժարվողների առկայության դեպքում ըստ հերթականության նրանց կփոխարինեն Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն եւ Վան Յուն: