Կարծում եմ՝ երկու թիմերն էլ առնվազն մեկական գոլ կխփեն: Իսկ ինչ կլինի հետո, դժվարանում եմ ասել: Հիմնական ժամանակում, կարծում եմ, կլինի ոչ ոքի, իսկ հնարավորությունները 55-45 են՝ հոգուտ անգլիացիների: Այս մասին Եվրոպայի Լիգայի եզրափակիչից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հայտնի լրագրող, խմբագիր, անգլիական ֆուտբոլի գիտակ Արթուր Պետրոսյանը:

««Մանչեսթեր»-ը, իհարկե, անհատական խաղով ավելի ուժեղ է, բայց «Այաքս»-ն ուժեղ է թիմային խաղով: Հոլանդացիները գրագետ են պրեսինգի դիմում, արագ հակագրոհում են: Անգլիացիները նման թիմի հետ կարող են խնդիր ունենալ: Հատկապես, հաշվի առնելով նրանց կադրային խնդիրները, չեն խաղա լավագույն երկու պաշտպանները՝ Բեյին ու Ռոխոն:

«Այաքս»-ի պաշտպանությունն էլ նրանց թույլ օղակն է: Հոլանդացիները հաճախ, հատկապես դրսում խաղալիս, մրցակցին թույլ են տալիս իրենց դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծել: Նրանք նաեւ ուժեղ չեն ստանդարտ դիրքերի ժամանակ պաշտպանվելիս: Մոուրինյոն դա գիտի եւ շեշտը կդնի մրցակցի տուգանայում օդային փոխանցումներով աավարտվող գրոհների վրա: Սրան, ինչպես նաեւ այլ ստանդարտների, կմիանան Ֆելաինին ու Պոգբան: ՄՅՈՒ-ի եզրային հարձակման գծում, ամենայն հավանականությամբ, կխաղան Մխիթարյանն ու Լինգարդը: Հնարավոր է՝ նրանք շատ սեւ գործ կատարեն, որպեսզի «Այաքս»-ի եզրայիններն այնքան էլ ազատություն չզգան:

Կարծում եմ՝ երկու թիմերն էլ առնվազն մեկական գոլ կխփեն: Իսկ ինչ կլինի հետո, դժվարանում եմ ասել: Հիմնական ժամանակում, կարծում եմ, կլինի ոչ ոքի, իսկ հնարավարությունները 55-45 են՝ հօգուտ անգլիացիների»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Վերա Մարտիրոսյան