Ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը գնել է «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբը: Թե ինչ մեծ փոփոխություններ կլինեն Հայաստանի 11-ակի չեմպիոն թիմի կազմում գործարարը պատմեց NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:

Պարոն Սողոմոնյան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ՝ երեք ամիս առաջ,  Դուք ասացիք, որ չեք պատրաստվում ներգրավված լինել հայկական ակումբային ֆուտբոլում, իսկ հիմա ձեռք բերեցիք «Փյունիկը»: Ի՞նչ փոխվեց վերջին երեք ամսում:

Իրականում, մեր վերջին խոսակցությունը մարգարեական ստացվեց: Շատ լավ հիշում եմ մեր այդ հանդիպումը: Դրանից մի քանի օր անց ես հեռախոսազանգ ստացա, որտեղ ինձ առաջարկեցին հանդիպել ու քննարկել «Փյունիկի» հարցը:  Այդ հարցազրույցից հետո, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ: Ես միշտ ասել եմ, որ շատ եմ սիրում Հայաստանն ու ֆուտբոլը: Եվ ուզում եմ մի բան անել, որը հետք կթողնի: Կարծում եմ՝ հիմա ճիշտ պահն է:

Այն ժամանակ Դուք խոսում էիք «Միկայի» ու նրա դպրոցի մասին:

Այո, բայց ինչպես առաջ էի ասում՝ ինձ մոտ կարճաժամկետ ծրագրեր չեն՝ գալ, թիմ ստեղծել ու հաղթել: Հիմնական նպատակը տեխնոլոգիապես ճիշտ թիմ կառուցելն է՝ հենց մանկապատանեկան տարիքայիններից սկսած: Այդ առումով ամենահեռանկարային դպրոցը «Փյունիկինն» է: Կարծում եմ՝ կարող ենք գնալ ճիշտ ուղղությամբ: Մենք կներգրավենք արտերկրից մասնագետների, բայց նաեւ տեղացիներին էլ մեծ տեղ կտանք:

Իսկ ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց գնել «Փյունիկը»:

Մենք Նոբել Առուստամյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Նա ինձ ասաց, որ նման միտք կա: Մինչ այդ նա այն քննարկել էր «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցի հետ, ով էլ մինչ այդ խոսել էր Ռուբեն Հայրապետյանի հետ: Այստեղ կարելի է ասել՝ աստղերն այդպես համընկան:

 Ավելի հեշտ չէ՞ զրոյից թիմ կառուցել, քան գնել այն:

«Փյունիկում» զրոյից ստեղծել պետք չէր: Այստեղ կա դպրոց, որտեղ պարապում են մոտ 600 երեխաներ: Այդպես պատահեց, որ ինձ առաջարկեցին հենց այդ թիմը:

Գաղտնիք չէ, որ հայկական ակումբային ֆուտբոլը լավ ժամանակներ չի ապրում, վերջին տարիներին շատ ակումբներ փակվեցին: Ձեր ներդրումները, ստացվում է, ավելի շատ բարեգործական բնույթ են կրելու:

Ես այն չէի անվանի բարեգործություն: Եթե Հայաստանում չկան օրինակներ, թե ինչպես են անհատ թիմերը կարողանում հաջողության հասնել միջազգային ասպարեզում, ապա Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում կան: Վառ օրինակ է «Կրասնոդար» թիմը:

Ես արագ արդյունքների չեմ սպասում: Ավելի շատ կարող ենք հաջողություն գրանցել պատանեկան ու երիտասարդական մրցաշարերում, որոնցից մեկը շուտով կանցկացվի Հայաստանում:

Ես հույս ունեմ, որ այլ գործարարներ նույնպես կսկսեն ներդրումներ անել հայկական ֆուտբոլում: Ինձ համար լավ օրինակ է Ջեւան Չելոյանցը: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ներդնում թիմի մեջ: Ինձ միշտ ասում է՝ երբ կտեսնես թիմիդ սաները խաղում են հավաքականում, կհասկանաս, որ իզուր չի կորել ժամանակդ: Իհարկե, հասկանում եմ, որ մենք ներդնում ենք գումար, բայց արդյունքը գալու է ոչ թե գումարի տեսքով, այլ զգացմունքների եւ ֆուտբոլին օգուտ տալու: Ես կցկտուր լսել եմ, որ սփյուռքից այլ գործարարներ եւս պատրաստվում են ներդրումներ կատարել ֆուտբոլում: Կարծում եմ՝ մի քանի տարի անց ավելի շատ ակումբներ կունենանք ու ավելի հետաքրքիր առաջնություն:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն «Փյունիկում»:

Իհարկե, կլինեն կադրային փոփոխություններ: Բայց ես չեմ ցանկանում գալ եւ ամեն բան քանդել: Մանչեսթերում շփվում էի Մխիթարյանի հետ, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց հայ մասնագետների վերաբերյալ: Ինչքան էլ օտարերկրացի մասնագետների հրավիրենք, տեղացիները ավելի լավ գիտեն մեր շուկան ու առանց նրանց չենք կարող:

Ի՞նչ գիտեիք «Փյունիկի» մասին մինչ այն գնելը:

Ես քիչ բան գիտեի: Իմ հասակակիցները «Արարատի» երկրպագու են եղել: Գիտեմ, որ «Փյունիկը» Հայաստանի նորագույն պատմության ամենատիտղոսակիր թիմն է: Չեմ թաքցնի՝ մենք մտածում ենք փոխել թիմի անունը: Հնարավոր է՝ մոտ ապագայում այն այլեւս չկոչվի «Փյունիկ»: Այդ ամենի մասին մենք կպատմենք մամուլի ասուլիսին, որը հնարավոր է տեղի ունենա հունիսի 3-ին  : Բոլորիդ կսպասենք այնտեղ:

Վերա Մարտիրոսյան