Հայաստանի ազգային հավաքականն սկսել է պատրաստվել ԱԱ 2018 ընտրական փուլի Մոնտենեգրո –Հայաստան խաղին: Ռուսական «Անժի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հրավեր է ստացել՝ մասնակցելու այս հավաքին: NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե ինչու չի միանա հավաքականին եւ հնարավո՞ր է արդյոք հետագայում կարողանա միանալ:

Դավիթ, հաշված օրեր են մնացել մինչ հավաքականի հաջորդ խաղը: Դուք փաստորեն չե՞ք լինելու հավաքականի կազմում:

Իրավիճակն այսպիսին է: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ հավաքականում խաղալու իմ մեծ ցանկության մասին: Ես գիտակցում եմ, թե ինչ մեծ պատիվ է ֆուտբոլիստի համար ներկայացնել երկիրը: Շատ ուրախացա, երբ կարդացի, որ ինձ ցանկանում են հրավիրել: Հետո եղավ հրավերը: Բայց ինձ անձամբ չեն զանգահարել եւ չեն խոսել: Ռուսաստանում մենք սպասում էինք լեգեոներների քանակի մասին օրենքի փոփոխմանը: Ասում էին՝ երբ այն փոխվի, հայկական անձնագրով ֆուտբոլիստները այլեւս լեգեոներ չեն համարվի: Բայց օրենքը չփոխեցին: Ասում են՝ չեն էլ փոխի:

Ստացվում է՝ որ ես այստեղ կդառնամ լեգեոներ: Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում լինել լեգեոներ-դարպասապահ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Փորձը ցույց է տալիս, որ լեգեոներ են լինում մյուս խաղացողները, բայց դարպասապահներին ընտրում են տեղացիներից: Այդ դեպքում ես կկորցնեմ թիմս կամ չեմ ստանա խաղաժամանակ: Իսկ ո՞ւմ եմ ես պետք գալու Հայաստանի հավաքականում առանց պրակտիկայի:

Ստացվում է, որ եթե օրենքը չփոխեն, Դուք ոչ մի դեպքում չե՞ք կարողանա գալ հավաքական:

Ամեն իրավիճակում լուծում կա, պարզապես պետք է նստել ու քննարկել: Ինձ հետ դեռ կապ չեն հաստատել: Ես ինքս այստեղ փորձում եմ ամեն բան իմանալ այդ օրենքի մասին: Չգիտեմ՝ ինչպես կարելի է լուծել խնդիրը, բայց ցանկության դեպքում մի լուծում կարելի է գտնել: Ինձ ճիշտ հասկացեք: Ի՞նչ կպատահի, եթե ես գամ Հայաստան եւ այստեղ ինձ նստեցնեն պահեստայինների նստարանին, կամ թիմս կորցնեմ: Ինչպե՞ս պետք է հետո ապրեմ: Կարծում եմ՝ այս կասկածները ունեն բոլոր այն ֆուտբոլիստները, ում համար այդ օրենքը դարձել է խոչընդոտ: Բացի այդ, ես կարդացի գխավոր մարզչի խոսքը, որտեղ  նա ասաց, թե հավաքականն ունի մշտական դարպասապահ, իսկ ես դիտարկվելու եմ որպես փոխարինող: Նախապես ասեմ, որ հաշվի առնելով իմ կարիերայում բոլոր ռիսկերը, իմ տարբերակն այսպիսին է՝ հարգելով մյուս բոլոր դարպասապահներին՝ հավաքականում լինել հիմնական դարպասապահը:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին խոսվում էր դեռեւս երկու տարի առաջ, բայց դա տեղի չունեցավ: Վերջերս ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ գրկաբաց կընդունեն Յուրչենկոյին: Իր հերթին ֆուտբոլիստն ասաց, որ ուրախությամբ կիմանա հավաքականին:

Վերա Մարտիրոսյան