ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 30-ին, կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի  «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7  տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի  Առուստամյանին տալու վերաբերյալ: 

Նշենք, որ որպեսզի Գեւորգ Պետրոսյանը թիվ մեկ ընտրական տարածքից պատգամավոր դառնար, պետք է իրենից ավելի շատ ձայն հավաքած Ալիկ Եղիկյանը եւս ինքնաբացարկի դիմում ներկայացներ:

Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) մանդատը վայր դնելու արդյունքում պատգամավորի մանդատը բաժին է հասել Հակոբ Նազարյանին, իսկ Նորա Առուստամյանը մանդատ է ստացել Խաչիկ Մանուկյանի կողմից մանդատը դնելու արդյունքում: