Հայաստանում խորհրդարանական ընտրությունները շատ ավելի հանգիստ անցան: Հունիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:

«Նույնիսկ ընդդիմությունը չբողոքեց ընտրությունների արդյունքների դեմ»,- նշեց դեսպանը: Միաժամանակ, նա հավելեց, որ բացթողումներ եղել են, դրանք արձանագրվել են դիտորդների կողմից եւ ներկայացվել միջանկյալ զեկույցներում. ընտրողների նկատմամբ ճնշումներ, ընտրակաշառք:

Ափսոսանք հայտնելով ընտրակաշառքի առկայության համար՝ դեսպանը նշեց, որ դա բացասական երեւույթ է երկու կողմի համար էլ՝ ե՛ւ կաշառք տվողի, ե՛ւ վերցնողի: «Նման մարդիկ հստակ քաղաքական դիրքորոշում չունեն: Մյուս կողմից՝ նա, ով գնում է ձայնը, չի հարգում ապագա պատգամավորի կարգավիճակը»,- կարծում է դեսպանը: