Ռուսաստանի սպորտի, տուրիզմի ու երիտասարդական քաղաքականության հարցերով փոխվարչապետ, Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չի հաստատել ԵՏՄ երկրներից լեգիոներների հարցում փոփոխությունների մասին լուրերը։

«Ես դեռ չեմ կարող ո՛չ մեկնաբանել, ո՛չ քննարկել այդ հարցը։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե երբ հնարավոր կլինի անդրադառնալ այդ թեմային։ Ո՛չ ՌՖՄ-ն, ո՛չ մյուս մարմինները դեռեւս դիմում չեն ստացել։ Ես հավելելու ոչինչ չունեմ»,- NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ ասել է Մուտկոն։

Նշենք, որ մայիսին ակտիվորեն քննարկվում էր հարցը, որ ԵՏՄ երկրների մարզիկները ռուսական առաջնություններում լեգիոներներ չեն համարվելու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս աջակցել է ռուսական ֆուտբոլում լեգիոներներից ամբողջությամբ հրաժարվելու գաղափարը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների համար լեգիոներների սահմանափակումը չեղարկելու մասին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտարարության հիման վրա ՀՀ կառավարությունը դիմել է ԵՏՄ-ին, որտեղ էլ հարց է բարձրացվել ԵՏՄ երկրների համապատասխան օրենքներում փոփոխություններ անելու մասին։ Մասնավորապես, «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է, որ ուզում է ելույթ ունենալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց սահմանափակումը խանգարում է դրան։

Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ գործադրվել են բոլոր ջանքերը՝ Յուրչենկոյին հավաքական հրավիրելու համար։ Բայց նրա համար խոչընդոտ էր փաստը, որ խաղալով Հայաստանի հավաքականի համար, Ռուսաստանում նա լեգիոներ կհամարվեր։

 

Վերա Մարտիրոսյան