Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, խորհրդարանական ընտրություններում իր պարտության պատճառը համարում է նաեւ իշխանության ցուցակով առաջադրվելու հանգամանքը: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում, սակայն վստահեցրեց, որ չի փոշմանել իշխանության հետ համագործակցելու համար:

Նախորդ խորհրդարանական ընտրություններում, երբ Մարտուն Գրիգորյանը առաջադրվել էր ԲՀԿ-ի ցուցակով, նա պարտության մատնեց ՀՀԿ մեծամասնական կարգով առաջադրված Արման Սահակյանին, սակայն այս անգամ, երբ Գրիգորյանը առաջադրվեց ՀՀԿ-ի ցուցակով, պարտվեց նույն Արման Սահակյանին: Ընտրվեցին Արման Սահակյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Օրեր առաջ շրջանառվեցին տեղեկություններ, թե իշխանությունը նրան անգործ չի թողնի եւ կտեղավորի գործադիրում, սակայն մինչ օրս դեռ հայտնի չէ Մարտուն Գրիգորյանի ճակատագիրը:

«Մենք, բնականաբար, ունեինք բացթողումներ, բայց ժողովրդից պիտի հարցնեք՝ ինչու այդպես եղավ: Մենք հետեւություններ արել ենք եւ ժամանակ ունենք հետեւություն անելու, հասկանալու՝ ինչ տեղի ունեցավ, ամեն դեպքում, նորմալ է ամեն ինչ, բնականաբար, բացթողումների հետ կապված հետեւություններ դեռ էլի կարվեն: Մի փոքր ավելի շատ վարկանիշի խնդիր է, որ ժողովրդի մոտ հանգստություն էր, որ օրինակ մարդիկ մտածում էին՝ իրենց ընտանիքով ձայն չտան Գրիգորյան Մարտունին, իր ձայներն էնքան շատ են, որ չի ազդի արդյունքի վրա եւ էդպես մտածելով ուրիշի օգտին կարող են քվեարկել»,-մեկնաբանեց նախկին պատգամավորը:

Նա չժխտեց, որ Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվելը բացասաբար է ազդել իր հեղինակության վրա. «Բնական է, կար այդ հանգամանքը, որ մարդիկ մինչեւ վերջ չընկալեցին ինձ Հանրապետականի ռեյտինգային ցուցակում եւ մինչեւ վերջին օրը ասում էին՝ Գրիգորյան Մարտունին ենք ձայն տալու ու «Բարգավաճին»: Կար այդ հանգամանքը, դա մեծ ազդեցություն ունեցավ: 2009 թվականից մարդիկ ինձ որպես ԲՀԿ անդամ էին ընկալում եւ այդ թյուրիմացությունը կար մարդկանց մոտ: Մտածում էին՝ «Բարգավաճ Հայաստանի» մեջ եմ»,-ասաց նախկին պատգամավորը՝ հավաստիացնելով, որ չի փոշմանել իշխանության հետ համագործակցության համար:

«Չեմ փոշմանել, որ ՀՀԿ-ից եմ առաջադրվել: Դա ինքնանպատակ չի եղել, էսօր փաստորեն մենք արդեն տեսանք, որ ՀՀԿ-ն ամենաուժեղ հնարավորություն ունեցող կուսակցությունն է: Իսկ եթե պիտի պատգամավոր դառնաս ու չկարողանաս ժողովրդին օգտակար լինել, ինքնանպատակ պատգամավոր դառնալ պետք չէ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Գյումրիից, երբ ԲՀԿ-ի անդամ էր: Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո, նա էլ լքեց ԲՀԿ-ն եւ չվերադարձավ, երբ նույնիսկ Ծառուկյանը բացեց փակած քաղաքական էջը: Նա առաջադրվեց ՀՀԿ-ի տարածքային ցուցակով եւ ստացած քվեներով ՀՀԿ-ական թեկնածուների մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը: