Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց 57 կողմ եւ 24 դեմ ձայներով: Դեմ են հանդես եկել «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

Նախկինում՝ խոշորացման առաջին փուլում, 140 համայնքներից կազմավորվել է 18 համայնք: Հիմա առաջարկվում է 316 համայնք միավորել 30-ի մեջ:

Այս անգամ ավելի ծավալուն խոշորացում է առաջարկվում, քան առաջին անգամ: Օրինակ՝ առաջարկվում է Ապարանի համայնքին միացնել Ապարան քաղաքը եւ հարեւան 20 գյուղ, Վարդենիսին՝ քաղաքը եւ 21 գյուղ, Կապանին՝ քաղաքը եւ 31 գյուղ: Այսպիսով, դրանք, փաստորեն, նմանվում են Հայկական ԽՍՀ-ի շրջաններին: Այլ դեպքերում, երբ կենտրոնը ոչ թե քաղաք է, այլ գյուղ, կատարվում է ավելի փոքր խոշորացում:

Խոշորացման նպատակն է կառավարման պարզեցման եւ արդյունավետության մեծացումը: Դժգոհություն են հայտնում գյուղական համայնքների ավագանիները (որոնք չեն ցանկանում իրենց ազդեցությունը կորցնել) եւ գյուղացիների մի մասը՝ վախենալով, որ խոշորացված համայնքներում իրենց գյուղերը ծայրամասում կհայտնվեն: