Հրազդանում, հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվեց. Նա քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա որդին է:

Այս առնչությամբ, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, որը  գիտակցության չգալով՝ մահացել է:

«Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:

Կատարվում է քննություն»:

Նշենք, որ 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Նա ոստիկանություն է ներկայացել հոր հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում հունիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը։