Արցախում հունիսի 17-ին տեղի կունենա «Արցախ էյր ֆեսթ» փառատոնը։ Այս մասին հայտնեց Yell Extreme Park նախագծի հեղինակ, պարկի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Փառատոնը կկազմակերպվի Արցախի թեթեւ ավիացիայի օդանավակայանի տարածքում։ Փառատոնի ընթացքում օդ կբարձրացվեն Արցախի թեթեւ ավիացիայի երկտեղանի ինքնաթիռը, օդապարիկ, պարատրայկ: Խոսելով Արցախի թեթեւ ավիացիայի ներկայացուցիչների հետ համագործակցության մասին՝ Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ վաղուց են քննարկվում համագործակցության զարգացման ուղիները։

 «Արցախը հիանալի բնություն եւ զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի։ Քննարկումների արդյունքում որոշեցինք օգտագործել Արցախի ենթակառույցները։ Ստեփանակերտը հիանալի օդանավակայան ունի՝ պատրաստ ցանկացած պահի զբոսաշրջիկներ եւ ինքնաթիռներ ընդունելու։ Այստեղ կա երկու փոքրիկ ինքնաթիռ եւ փորձառու օդաչու՝ Սամվել Թավադյանը։ Այսպիսով, որոշեցինք, արդեն երեք տարի գոյություն ունեցող ծառայությունը, որի մասին գիտեն հիմնականում Ստեփանակերտի եւ Արցախի բնակիչները, զբոսաշրջիկների համար գայթակղիչ դարձնել»,- նշեց Տիգրան Չիբուխչյանը։