Հաաստանի հավաքականը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտություն կրեց Մոնտենգրոյից: Կարո՞ղ էինք արդյոք մենք չպարտվել այդ խաղում:

Միլիարդների խաղը, աշխարհի համար մեկ մարզաձեւը  կարեւորագույն հանդիպումների ժամանակ  միավորում է բոլորին: Հունիսի 10–ին՝ Հայաստանի հավաքականի խաղի օրը, Երեւանի գրեթե բոլոր սրճարաններում, խոսվում էր մեկ թեմայի շուրջ՝ Հայաստանի հավաքականի արտագնա կարեւորագույն խաղի մասին՝ Մոնտենեգրոյի դեմ: Մրցափուլի անհաջող մեկնարկից հետո Հայաստանի հավաքականն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ կրկին հնարավորություն էր ստացել պայքարելու խմբից դուրս գալու համար: Մեր խմբում իրավիճակն այսպես է դասավորվել՝ Լեհաստանի հավաքականը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա առաջին տեղով, Դանիան, Մոնտենեգրոն, Ռումինիան ու Հայաստանը ունեին գրեթե հավասար հնարավորություններ:

Հայաստանի ազգային հավաքականը հոգեբանական վերելք էր ապրում: Արթուր Պետրոսյանի հետ թիմը միայն հաղթում էր: Եթե նայենք Պետրոսյանին նախորդած Վարուժան Սուքիասյանի թիմին, կարելի է ասել, որ թիմում փոփոխություններ չէին եղել: Ստացվում է, հաջողության մեջ  իր դերն էին ունեցել Պետրոսյանի քաջալերող ոգին, ընկերական լավ մթնոլորտի ստեղծումը, ինչպես նաեւ նոր մարզչի գործոնը:

Մոնտենեգրոյի նկատմամբ տնային հաղթանակը կամային էր: Առաջին խաղակեսում մենք արդեն կարող էինք պարտվել չորս-հինգ գնդակի տարբերությամբ, բայց երկրորդում լրիվ այլ ֆուտբոլ ստացվեց: Եվ վերջին րոպեներին հաղթական գոլը դարձավ ոգեւորության մի աղբյուր: Այդ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը ուժեղ մրցակից չունեցավ:

Ղազախներին տանը հաղթել պարտավոր էինք: Ձմռանը ընկերական խաղեր չեղան, իսկ ամռանը Մոնտենեգրոյի հետ կարեւորագույն խաղից առաջ մեր սպարինգ զույգն էր Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականը: Կարելի  է ասել կիսապրոֆեսիոնալ թիմ: Մեր թիմի իրական հնարավորություններն ու բացերը հասկանալու համար միայն ուժեղ կամ գոնե հավասարազոր սպարինգ զույգ էր պետք: Դառը փորձ արդեն ունեինք, երբ անցյալ տարի ԱՄՆ-ում ջախջախեցինք Գվատեմալային ու Սալվադորին, բայց հետո ինքներս սկսեցինք ջախջախվել: Թե ինչու էր ընտրվել կիսապրոֆեսիոնալ թիմ, պարզ չէ: Հնարավոր է կազմակերպչական կամ ադմինիստրատիվ հարցեր կային, որոնց մեջ այժմ խորանալ չարժե: Համենայնդեպս այդ խաղը մեզ բան ցույց չտվեց: Իսկ ահա Մոնտենեգրոյում մենք տեսանք թիմի իրական խնդիրները:

Առաջին հերթին անհասկանալի թվաց մեկնարկային կազմը: Իր ոչ օպտիմալ մարզավիճակում գտնվող Արաս Օզբիլիզը մեկնարկային կազմում էր, թեեւ ենթադրվում էր, որ նրա փոխարեն Մանուչարյանը կարող էր խաղալ: Հենրիխ Մխիթարյանը խաղում էր հետ քաշված՝ կարելի է ասել հենակետային: Կամո Հովհաննիսյանն էլ հարձակողական ոճի եզրային կիսապաշտպան:

Խաղի հենց մեկնարկին գոլ բաց թողնելը չկոտրեց Արթուր Պետրոսյանի սաներին: Հակառակը մինչեւ երկորդ գոլը նրանք ակտիվացան եւ ունեցան մի քանի լավ հնարավորություն: Բայց եթե մեր պաշտպանական գիծը խաղում էր ահավոր վատ, հարձակման գիծը ոչնչով չէր զիջում: Իսկ ահա երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականը այլեւս չէր երեւում դաշտում:

Ընդհանուր ֆոնի վրա դժվար է առանձնացնել անհատ ֆուտբոլիստների խաղը: Ավելի հեշտ է ասել, ովքեր քչից շատից խաղացին: Պաշտպանության գիծը լրիվ տապալեց խաղը: Հրայր Մկոյանը աջ պաշտպանի դիրքում  չէր հասցնում ոչ փակել եզրը, ոչ գրոհները: Բազմաթիվ անգամ սխալներ թույլ տվեց: Կենտրոնական  Ոսկանյան – Անդոնյան զույգը դիտում էր թե ինչպես են Յովետիչն ու Բեչիրայը գոլեր ուղարկում մեր դարպասը: Նրանք սխալվում էին թե դիրքն ընտրելիս, թե անհատական պայքարում: Քչից շատից հուսադրող էր Գագիկ Դաղբաշյանի խաղը: Համեմատած Լեւոն Հայրապետյանի վերջին խաղերին՝ Դաղբաշյանի խաղն ավելի ամուր ու վստահելի էր թվում:

Մոնտենեգրոյի խաղը Արսեն Բեգլարյանի վատագույն խաղն էր հավաքականում: Անգամ Ռումինիայի հետ տնային խաղում նա այսքան չէր սխալվում: Կարծում եմ՝ Բեգլարյանն իր վրա ճնշում էր զգում Դավիթ Յուրչենկոյի հրավերի հետ կապված: Զգացվում էր, որ խաղում է շատ լարված: Բայց դա արդարացում լինել չի կարող: Ցանկացած լավ թիմում պետք է կարողանալ դիմանալ մրցակցությանը:

Արտակ Գրիգորյանը, որքան էլ իրեն լավ է դրսեւորում վերջին խաղերում, այս անգամ միակ հենակետայինն էր: Այդ իսկ պատճառով էլ կորցրել էինք դաշտի կենտրոնը: Հարձակման գծի մասին խոսելու բան էլ չկա: Այնքան քիչ էին այն դրվագները, որտեղ հարձակվողները խաղի մեջ էին մտնում: Ռուսլան Կորյանը դարձավ գոլի հեղինակ ու փորձում էր ակտիվություն մտցնել, բայց դա շատ քիչ էր:

Այսպիսով ունենք այն, ինչ ունենք: Առաջիկա երեք ծանր խաղերից առաջ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը շատ մտածելու ու աշխատելու առիթներ ունի: Արդեն իսկ պարզ է, որ կադրային խնդիրները չեն ավարտվի, քանի որ մինչ սեպտեմբեր դժվար թե հնարավոր լինի նոր մարդկանց ներգրավել:

Միակ հույսը, որ ինչ-որ հրաշքով հնարավոր լինի համոզել ու բերել Դավիթ Յուրչենկոյին: Եթե հարցազրույցում դարպասապահը նշում է, որ սպասում էր՝ իր հետ բանակցեին, ուրեմն ինչ-որ ակնկալիքներ ունի, եւ հնարավոր լինի դրանք համաձայնացնել: Բայց ո՞վ գիտի:

Տարոն Ոսկանյանին դիրքում ավելի լավ հանդես է գալիս Վարզադատ Հարոյանը: Հրայր Մկոյանին դիրքում էլ կարող էր այս խաղը խաղալ լավ մարզավիճակում գտնվող Արտակ Եդիգարյանը: Կրկին անգամ համզվում ենք, որ հավաքականը լավ է խաղում, երբ Մխիթարյանը հարձակման գծում է հանդես գալիս եւ ոչ թե հենակետային:

Խնդիրներն ավելի շատ են, քան պետք է լինեն: Մոնտենեգրոյի տնային հանդիպումը բոլորիս թեւեր տվեց, իսկ դրսի խաղը գետին իջեցրեց: Եվ հարցը խաղի արդյունքը չէ, այլ խաղի որակն է:

Իրականում կան նաեւ այլ խնդիրներ՝ եթե Յուրչենկոն չի գալիս, մենք ունենք Գեւորգ Կասպարով, բայց նրա համար դռները փակ են հավաքական: Որքան էլ փնովում ենք Մովսիսյանին ու ասում, որ տեղին էր նրա հավաքական չհրավիրվել, նրա նման հարձակվող մենք չենք ունեցել ու գուցե երկար ժամանակ չունենանք: Որքան էլ փնովենք նրա որոշ արարքներ, Յուրան հարձակման գծի ավագն էր: Նրա անգամ վատ խաղով թիմի խաղի մեջ կար ձեռագիր, ոգի…

Երբ պաշտպանության գիծը ղեկավարում էր Արզումանյանը, այնտեղ երեւում էր կարգ ու կանոն: Ռոբերտի փորձը շատ էր օգնում:

Հարցն այն չէ, թե ինչ մարզավիճակում են այս ֆուտբոլիստները, ու ինչու նրանց հանեցին թիմից: Հարցն այն է, թե ինչպես հանեցին: Երեկվա կուռքերին ու աստղային ժամի ֆուտբոլիստներին վտարեցին: Դրանից հետո հավաքականը մեկ հաղթանակ է տոնել ուժեղ մրցակցի դեմ՝ դա Մոնտենեգրոյի հետ տնային խաղն էր:

Այս պահի դրությամբ կարծես Աշխարհի առաջնության ուղեգիրը կրկին անցնում է մեր կողքով: Մենք էլի հույս ենք դնում, որ մյուս մրցաշրջանում մի բան կստացվի, թիմ կկառուցենք: Իսկ այս սերունդը, որը մեզ հույս ու հավատ ներշնչեց արդեն մեծանում է: Ու գնալով հասկանում ես, որ մեկ կամ երկու ֆուտբոլիստի փոփոխմամբ բան չի փոխվի: Թվում է՝ կարծես ամեն ինչ ունենք, բայց բան էլ չունենք: Կարո՞ղ էինք չպարտվել այդ խաղում…