«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երեւանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը 14.05.2017թ.-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս:

Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետեւանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը:

Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: