«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ), Ստարտափ Արմենիա հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը եւ Գլոբալ Էյ-էմ ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սեւան Ստարտափ սամիթ 2017թ. միջոցառման անցկացման վերաբերյալ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը, Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից՝ հոգաբարձուների խորհրդի նաախագահ Հակոբ Հակոբյանը, SMEDA ծրագրի կողմից՝ ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, իսկ Գլոբալ Էյ-էմ ՀԿ կողմից՝ ՀԿ նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Համաձայնագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում միավորել ջանքերը՝ 2017թ. հուլիսի 24-31-ը Սեւանի ափին Սեւան Ստարտափ սամիթ 2017 միջոցառման անցկացման համար: SMEDA ծրագիրը համաձայնագրով դառնում է միջոցառման գլխավոր գործընկերը եւ անցկացման համար տրամադրում է անհրաժեշտ ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը: SMEDA-ն նաեւ ֆինանսավորելու է հեղինակավոր եւ որակավորված մասնագետների ներգրավումը ստարտափների համար նախատեսված դասախոսությունների ընթացքում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի խոսքով՝ «Միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակ ՓՄՁ-ների համար իրականացնելու փորձի փոխանակում, փորձառու մասնագետներից ստանալու վարպետաց դասեր եւ ներդրումներ ներգրավելու բիզնեսը զարգացնելու համար»:

SMEDA ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց, որ իր ղեկավարած ծրագիրը սատարում է նախաձեռնությանը, քանի որ այն միտված է սկսնակ ՓՄՁ-ների առաջ մղմանն ու աջակցությանը: «Փորձի փոխանակումը եւ նոր կապերի հաստատումը շատ կարեւոր են սկսնակների համար, քանի որ օգնում են կատարելագործել գործարար ծրագրերը եւ ավելի հեշտությամբ հասնել իրենց բիզնես նպատակներին»,- նշեց տիկին Նեհերը:

Ստարտափ Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ շեշտեց, որ ուրախ է, որ նախաձեռնությանը տարեցտարի ավելի շատ աջակիցներ են միանում: «Մենք Sevan Startup Summit եւ նմանատիպ այլ միջոցառումները ծառայեցնում ենք հայկական ստարտափների միջազգային շուկա դուրս գալուն, եւ այդ ճանապարհին մեզ տրված ցանկացած աջակցություն ոգեւորող եւ պարտավորեցնող է»,- ավելացրեց Հակոբյանը:

Գլոբալ էյ-էմ ՀԿ նախագահ Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ «Sevan Startup Summit» միջոցառման շնորհիվ ՓՄՁ ոլորտի եվրոպական գիտելիքը եւ փորձը կտեղայնացվի: «Շատ կարեւոր է նաեւ, որ պետական-մասնավոր հատված համագործակցությանը միանում է նաեւ ԵՄ»,- ընդգծեց Պողոսյանը: