Հայաստանի կառավարությունը չի հրաժարվի պետական աշխատակազմի ծախսերը կրճատելուց։ Այս մասին ասվում է Հայաստանի Կառավարության պաշտոնապես հրապարակված ծրագրում, որը պետք է հավանության արժանացնի խորհրդարանը։

Եթե նախորդ ծրագրում ընդգծվում է կրկնօրինակող եւ անարդյունավետ պետական մարմինները կրճատելու անհրաժեշտությունը, ապա այժմ հաստատվում է, որ պետական աշխատակազմը պետք է պակաս ծախսատար լինի եւ ծառայի քաղաքացիների կարիքներին։

Խոսվում է կոռուպցիան կրճատելու անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ գործողություններ չեն նշվում։

Առաջարկվում է զարգացնել էլեկտրոնային պետական ծառայությունները, ինչպես նաեւ բոլոր նախարարություններում էլեկտրոնային թեժ գծեր բացելու հնարավորությունը (ենթադրվում է, որ նման համակարգ կներդրվի 2018-2019 թվականներին)։

Կշարունակվի նաեւ համայնքների խոշորացման գործընթացը։ Իսկ մինչեւ 2019 թվականի վերջ յուրաքանչյուր մարզում կմշակվեն աղբահավաքման նոր ծրագրեր։

Մարզերում մինչեւ 2020 թվականի վերջ ծրագրվում է  անվճար եւ հասանելի իրավաբանական օգնություն ստանալու համար իրավական դաշտ ստեղծել։ Նույն ժամկետում ծրագրվում է մշակել ու գործի դնել պրոբացիոն համակարգը, ինչպես նաեւ վերաինտեգրման համակարգը՝ մասնագիտական կրթության միջոցով։