Երեւանի Խորենացի փողոցում 2016թ. հուլիսի 20-ին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մխիթարյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան: Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը  պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացման որոշում կայացնել: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ մերժել էր նույն պահանջով պաշտպանի բողոքը:

Նշենք, որ Արման Մխիթարյանի հետ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվում են նաեւ Հայկ Հովհաննիսյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը, նրանք դատապարտվել են 3 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այս պահին անազատության մեջ է միայն Արման Մխիթարյանը: Արման Մխիթարյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝Զանգվածային անկարգությունները:

Ըստ մեղադրանքի՝  Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը  2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում, բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին: