Անկարայի՝ պանթյուրքիզմի երազանքը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով. դա թույլ տալ չի կարելի։ Այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, ծագումով Վրաստանի հիմնականում հայաբնակ Սամցխե Ջավախեթի շրջանից Շիրակ Թորոսյանը՝ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։

Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին։ «Հայաստանը վահան է միասնական թյուրքական պետության երազանքի տարածման դեմ։ Սակայն տխրահռչակ Միխայիլ Սաակաշվիլիի կառավարության օրոք Վրաստանում թուրքական ու արդբեջանական գործոնները կտրուկ մեծացան։ Եւ վտանգ կա, որ պանթյուրքիզմն իր նպատակին կհասնի հենց Վրաստանի միջոցով։ Այդ պատճառով Վրաստանի սահմանները մեր անվտանգության հարցն են։ Եւ Ջավախքը մեզ համար կրկնակի կարեւոր է դառնում»,-ասաց Թորոսյանը։