2018-ին Ռուսաստանում տեղի կունենա ֆուտբոլային կարեւորագույն իրադարձությունը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ մինչ այդ՝ այս օրերին տեղի  է ունենում Կոնֆեդերացիաների գավաթը, որը համարվում է ԱԱ-ից առաջ կարեւորագույն փորձը:

Կոնֆեդերացիների գավաթին մասնակցում են 6 աշխարհամասերի հաղթող երկրները, ինչպես նաեւ աշխարհի գործող չեմպիոնն ու մրցաշարը հյուրընկալած երկիրը: Առաջին անգամ է, որ մրցաշարին չի մասնակցում Կոնֆեդերացիանարի գավաթի գործող չեմպիոնը:

Ռուսաստանի համար սա մեծ փորձություն է: Երկրի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից հետո  Արեւմտյան Եվրոպայի մի քանի  երկրներ հանդես եկան Աշխարհի առաջնության խաղերի վայրը փոխելու  առաջարկով: Դա տեղի չունեցավ եւ այս օրերին Ռուսաստանն ընդունում է Կոնֆեդերացիաների գավաթը: Այն անցկացվում է 4 քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կազան: Կոնֆեդերացիաների գավաթը լուսաբանելու են եկել հարյուրավոր լրագրողներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ մասնակից երկրների երկրպագուները:

Թվով ութերորդ Կոնֆեդերացիաների գավաթին երկրպագուների համար նորամուծություն է մտցվել: Բոլոր երկրպագուները, որոնք ձեռք կբերեն խաղի տոմս, կստանան երկրպագուի անձնագիր: Այն կանաչ գույն է, որտեղ գրված են անձի տվյալները ու ID համարը: Երկրպագուի անձնագիրը թույլ է տալիս առանց վիզայի այցելել Ռուսաստան, մուտք գործել մարզադաշտ առանց խնդիրների ու մեծ հերթերի: Բացի այդ երկրպագուները կարող են անվճար օգտվել Ռուսաստանում ցամաքային տրանսպորտի տարբեր միջոցներից:

Երկրպագուի անձնագիրը

Այն, որ Ռուսաստանը լրջորեն է պատրաստվել խաղերին նկատվում է ամենուր, բացի օդանավակայանների անցակետերի աշխատողներից: Նրանց կոպտությունը երեւի անգամ Մեծն ֆուտբոլը չի կարող մեղմել: Մնացած հարցերում զգացվում է մեծ աշխատանք: Համենայնդեպս Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում, որը հենց իմ առաջին հանգրվանն էր այս խաղերում: Ներգրավված են բազմաթիվ աշխատողներ ու կամավորականներ: Անգամ լրագրողներին մեքենայի կայանատեղիից մինչեւ մարզադաշտ տեղափոխում են հատուկ մեքենաներով: 

Մարզադաշտի թե ներսում, թե դրսում ստեղծված են հարմարավետ պայմաններ երկրպագուների համար, ինչպես նաեւ ապահոված է բարձր տրամադրություն: Միակ խանգարող բանը՝ եղանակն է: Մոսկվայում սարսափելի ցուրտ է: Ռուսաստան – Պորտուգալիա խաղի ժամանակ 11 աստիճան տաքություն էր:

Չնայած խցանումների, եղանակի... Մոսկվան, կարելի է ասել, որ լավ պատրաստվել է խաղին: Բացթողումներ նկատելի չեղան: Ավելի շատ դժգոհությունները կապված են Պետերբուրգի հետ: «Պետրովսկի» մարզադաշտը անպատրաստ լինելու մասին շատ է խոսվում: Մենք դրա ականատեսն էլ կլինենք: Եվ մեր աչքով կտանք գնահատականը:

Ինչ վերաբերում է Ռուսաստան – Պորտուգալիա խաղին... Խաղից հետո ռուսները բնականաբար հիասթափված էին իրենց թիմի խաղից: Գլխավոր մարզիչ Չերչեսովին հիմնական ուղված հարցը՝ ինչու թիմը հարվածներ չի կատարում դարպասի ուղղությամբ: Պորտուգալացիները իրենց խաղից գոհ էին: Ռոնալդուն հետխաղյա ասուլիսին միայն ասաց, որ գոհ են արդյունքից ու շուտ հեռացավ:

Այստեղ մասնագետները մրցաշարի ֆավորիտ են համարում Չիլիի հավաքականին: Չնայած Պորտուգալիան ու Մեքսիկան նույնպես դասվում են ֆավորիտները ցուցակում: Իհարկե, պետք է չմոռանալ նաեւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որը չնայած ոչ այդքան մարտական կազմին, միեւնույն է մնում է Գերմանիա:

Չնայած տոմսերի բավական տանկ լինելուն՝ խմբային փուլի տոմսերը սկսում են մոտավորապես  3-5 հազար ռուբլի (մոտ 25 – 40 հազար դրամ), «Սպարտակի» մարզադաշտը լեփ-լեցուն էր՝ 47 800 հանդիսական:  Կիսաեզրափակչի ու եզրափակչի տոմsերի գներն սկսվելու են 12 հազարից՝ մոտ հարյուր հազար դրամից:  Ասում են՝ միայն Մոսկվայի խաղերին է, որ բոլոր տոմսերը վաճառվում են, մյուս խաղերի տոմսերի որոշ մասը բաժանվում է: Ռուսաստան- Պորտուգալիա խաղին ներկա էին մի շարք հայտնի մարդիկ թե մարզական աշխարհից, թե շոու-բիզնեսի:

Վիկտորիա Լոպիրյովան՝ ում մասին վերջին օրերիս շատ էին խոսում Մխիթարյանի երկրպագուները

Իմ կողքին նստած էր, լրագրող Ինդոնեզիայից, ով իմանալով, որ ես Հայաստանից եմ միանգամից հիշեց Մխիթարյանին: Ինձ պատմեց, իր կարդացած հոդվածի մասին, որտեղ ասվում էր Մխիթարյանի Բրազիլիայում անցկացրած ժամանակի մասին: Նա նաեւ գիտեր Հայաստանը System of a down ռոք խմբի շնորհիվ: Այս անգամ Քիմ Քարդաշյանին չհիշեցինք: Պարզվում է՝ Ինդոնեզիայում ֆուտբոլը շատ են սիրում, անգամ պաշտում են: Եվ ինչպես կարելի է այն չսիրել:

Արդեն իսկ հիմա Աշխարհի խաղերի նախապատրաստական փուլին զգացվում է, որ մեկ տարի անց Ռուսաստանում իսկական ֆուտբոլային տոն է լինելու եւ մենք առավել քան երբեւէ այն զգալու ենք: Իսկ մինչ այդ շարունակենք հետեւել Կոնֆեդերացիաների գավաթին ու տեսնենք, թե որքանով է Ռուսաստանը պատվով դուրս գալու այս անգամ:

 Վերա Մարտիրոսյան