Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչները եւ Նուռնուսի ամառանոցների սեփականատերերն ահազանգում են՝ սնկի կոմպոստի արտադրությամբ զբաղվող «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի արտանետումները թունավորում են շրջակա միջավայրը: Խոսքը արտադրության ժամանակ առաջացող ամոնիակի, ածխածնի եւ ազոտի օքսիդների արտանետումների մասին է, հաղորդում է «ԷկոԼուրը»։

«Ամառանոց ունեմ այստեղ, 25 տարի գնում, գալիս եմ: Վերջին տարիներին սնկի արտադրության պատճառով չեմ կարողանում ընտանիքիս, հատկապես փոքրերին բերել: Գարշահոտություն է, խեղդվում ենք, քանի տարի է` պայքարում ենք, ու ոչ մի բանի չենք հասել: Բոլորը խոսք են տվել լուծել այս հարցը՝ սկսած նախկին վարչապետից, բայց իրենք երեւի շատ հովանավորներ ունեն, որ ինչ ուզում, անում են: Ես դեմ չեմ, որ բիզնեսը զարգանա` բայց ոչ մարդկանց խեղդելով», - ասաց Նուռնուսում ամառանոցի սեփականատեր Արտեմ Մաթեւոսյանը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում գտնվող այս հոյակապ տարածքում` Արզնիի համակարգում, որը ժամանակին եղել է հանգստյան, տուրիստական հզոր գոտի` առողջարաններով, նման դաժան բան է կատարվում: Պտղատու ծառերը չորանում են, անցյալ տարի, հիշում եմ, թռչունները վերացել էին համարյա, ես` ինքնս, ինձ շատ վատ եմ զգում, եւ ունեցել եմ հիվանդություն, որի մասին հիմա չեմ ուզում խոսել», - ասաց ամառանոցներից մեկի սեփականատերը:

Մեր այցելության պահին Բյուրեղավանում եւ Նուռնուսում գարշահոտություն չկար: Տեղացիների խոսքով՝ այն հիմնականում տարածվում է վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, կախված է նաեւ քամու ուղղությունից: Բնակիչներից մեկն անգամ գրաֆիկ է կազմել՝ օրվա որ ժամերին են լինում արտանետումները:
«Գարշահոտությունը հիմնականում տարածվում է երեկոյան 7-8-ից հետո, շնչել չի լինում: Բողոքել ենք, ժամանակին մեծ ցույց ենք արել, փոփոխություն չկա, - ասաց Բյուրեղավան քաղաքի բնակիչը,- մենք չենք ուզում փակել գործարանը, բայց թող տեղափոխվեն, ո՞նց է կարելի բնակելի վայրում այսպիսի արտադրություն դնել»:

Իսկ քաղաքի տարեց բնակչուհին, ում մոտ ախտորոշվել է ֆարինգիտ հիվանդությունը, պնդում է՝ արտադրության արտանետումների պատճառով բարդացումներ է ունեցել. «Բժիշկն ասում՝ մաքուր օդ է պետք: Բայց ո՞րտեղից մաքուր օդ, ես այստեղ եմ ապրում, այստեղ ժամանակին սանատորիա է եղել, մարդիկ ամառանոցներ են կառուցել, որ գան, մաքուր օդ շնչեն»:
«Մարդիկ ալերգիա են ստանում, բոլոր աղիքային, թոքերի հիվանդությունները դրանից է լինում, ինքս սրտխառնոց եմ զգում», - դժգոհեց բյուրեղավանցի Գոհար Մալխասյանը: Բնակիչների հերթական ահազանգից հետո ձեւավորվել է հանձնաժողով՝ բաղկացած բնապահպանության, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, ԵՊՀ-ի փորձագետից եւ տեղացիներից:

Հանձնաժողովի անդամ, Նուռնուսի Այգեգործական թաղամասի բնակիչ Գագիկ Հովակիմյանը հունիսի 20-ին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասում նշանակված հանձնաժողովի հանդիպմանը հրավիրեց նաեւ «ԷկոԼուր»-ին: Սակայն գործարանի պահակախումբը թույլ չտվեց «ԷկոԼուր»-ի լրագրողին ներս մտնել: Գագիկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի ավագ տեսուչ Ս. Մակարյանը եւ ընկերությունը չեն ցանկացել լրագրողի ներկայությամբ քննարկում անցկացնել: 

«Լաբորատորիայի աշխատողները խողովակի մոտ չափիչ սարքավորում տեղադրեցին, որ չափեն արտանետումները` հիմնականում ամոնիակի: Իսկ գործարանի տնօրինությունն ասաց՝ անցյալ տարի ավելի շատ են եղել արտանետումները, մենք բնապահպանության նախարարությանը տույժ ենք վճարել դրա համար, այս տարի միջոցներ ենք ձեռնարկել, ավելի քիչ է: Բայց չէ՞ որ իրենք մարդկանց են թունավորել», - ասաց Գագիկ Հովակիմյանը: «ԷկոԼուր»-ը կապ հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ պարզելու՝ ինչ հիմքով է նախարարության տեսուչն արգելում լրագրողի մասնակցությունը քննարկմանը: Ի պատասխան նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը փոխանցեց, որ գործարանում իրականացվում է տեսչական ստուգում, որին մասնակցելու համար հարկավոր էր նախօրոք գրանցվել: «Բնապահպանության նախարարությունն ահազանգ էր ստացել Կոտայքի մարզից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար տհաճ հոտի առկայության վերաբերյալ: Բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձեւավորվել է տեսչական խումբ, որը ներկայում իրականացնում է ստուգումներ: Արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - փոխանցեց Արմեն Վարդանյանը: 
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության 23.04.2014 թ-ին «Առողջ սունկ» ՍՊԸ-ին տրված թույլտվության համաձայն՝ ընկերության թույլատրելի արտանետումները կազմում են. ամոնիակ՝ 4 տոննա/տարեկան, ածխածնի օքսիդ՝ 5.634 տոննա/տարեկան, ազոտի օքսիդներ՝ 2.728 տոննա/տարեկան: 

Հիշեցնենք, որ «Առողջ Սունկ» ՍՊԸ-ում ստուգումներ են իրականացվել նաեւ 2014 թ-ին, եւ ընկերությունը ենթարկվել էր վարչական տուգանքի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի եւ «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները խախտելու համար: Իսկ 2015 թ-ի հուլիսին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից որոշում էր ընդունվել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար: