Եթե Կոնֆեդերացիաների գավաթում ռուսների համար ամենաքննարկվող թեման իրենց հավաքականի հերթական անփառունակ ելույթն է, ապա մյուս բոլոր մարզասերների համար ամենակարեւոր բանը Սանկտ Պետերբուրգի մարզադաշտն է: «Զենիթ Արենան» մրցաշարի հիմնական մարզադաշտն է, Աշխարհի առաջնության խաղերին էլ այն լինելու է հիմնական թատերաբեմերից:

Մարզադաշտի կառուցումը տեւել է տասը տարի։ Սկզբում նախատեսվում էր, որ այն պետք է պատրաստ լինի դեռեւս 2009-ին: Բացի այդ, նախատեսվում էր, որ մարզադաշտի կառուցման  համար կծախսվի  4-6 միլիարդ ռուբլի, հետո այն թիվը հասավ 46 միլիարդի: Ոչ պաշտոնական տվյալներով մեկ միլիարդ դոլար է ծախսվել այս տասը տարիների ընթացքում, որպեսզի Պետերբուրգը ունենա բարձրակարգ մարզադաշտ: Մարզադաշտը դեռ չկառուցած արդեն սկսեցին ի հայտ գալ խնդիրները՝ անսարքություններ, անհարմարություններ եւ այլն:

Իհարկե, յուրաքանչյուր լրագրողի ու երկրպագուի համար Նոր Զելանդիա- Պորտուգալիա հանդիպմանը Ռոնալդուի խաղը տեսնելուց բացի հետաքրքիր էր, թե ինչու է Կրեստովսկի կղզում գտնվող մարզադաշտն այդքան քննարկվում: Ամեն հարցի պատասխան տվեց Պորտուգալիայի ավագ Կրիշտիանո Ռոնալդուն, ով հետխաղյա ասուլիսին հայտարարեց, որ խոտածածկը շատ վատն էր, ինչը դժվարացնում էր իրենց խաղը:

Մի քիչ էր դժգոհենք լրագրողների տեսանկյունից: Ի տարբերություն Սպարտակի մարզադաշտի, Սանկտ Պետերբուրգ Արենան, (ի դեպ, որի պաշտոնական անվանումը դեռ վերջնական որոշված չէ, այս խաղերին նա քաղաքի անունն է կրում, բայց հետագայում երեւի լինի Զենիթ Արենա)   այդքան էլ իդեալական չէր պատրաստված խաղին: Համենայնդեպս, ես որպես լրագրող, մոտ 20 րոպե փնտրում էի մեդիա կենտրոնը, որի տեղը անգամ կամավորականները չէին կարողանում բացատրել: Լրագրողների տրիբունան էլ ամենավերեւում էր՝ թռչնի թռիչքի բարձրությանը հավասար:

Լրագրողների զուգարանի դուռն արդեն իսկ փչացել է

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ինչի վրա են ծախսվել այդ միլիարդները: Երբ տեսնում ես եվրոպական կոկիկ ու հարմարավետ մարզադաշտերը, համոզվում ես, որ ավելի լավ տարբերակ կարող էր լինել: Բացի այդ, թեեւ մարզադաշտը գտնվում է շատ գեղեցիկ վայրում՝ Կրեստովսկի կղզում, որը համարվում է Պետերբուրգի ամենաթանկարժեք տների վայրը, անհարմար է երկրպագուների համար: Մարզադաշտ տանող ճանապարհը անցնում է գեղեցիկ այգու միջով, բայց Ճանապարհը շատ երկար է ու երբ հասնում ես Կիրովի արձանի մոտ, արդեն զգում ես, որ հոգնել ես ու դեռ երկար աստիճաններ ունես բարձրանալու: Մոտակա մետրոյի կայարանը չի կարող սպասարկել երկրպագուների այդքան մեծ հոսքը: Նոր կայարան են կառուցելու:

Ամեն դեպքում, այս մարզադաշտում արդեն իսկ մի քանի խաղեր անցկացել են ու տեղի է ունենալու կարեւորագույն խաղը՝ եզրափակիչը: Հուսանք, բոլոր խնդիրները վերացված կլինեն մինչ եկող տարվա Աշխարհի առաջնությունը: Մնացած հարցերում Սանկտ Պետերբուրգը ուղղակի հիանալի վայր է ակտիվ երկրպագուների համար՝ սպիտակ գիշերներ, ակտիվ ջահելություն, համերգներ... եւ այս ամենը չնայած շատ ցուրտ եղանակին:

Այսպիսով, Պետերբուրգը իր պատրաստվածությամբ այս պահին դեռ զիջում է Մոսկվային: Մեր հաջորդ կանգառը Կազանն է: Տեսնենք, թե Թաթարստանի մայրաքաղաքը որքանով է պատրաստ մեծ ֆուտբոլին…

Վերա Մարտիրոսյան