Իշխող կուսակցությունը կխստացնի ոչ պատշաճ վարքագծի դեմ միջոցները։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան համացանցում հայտնված ձայնագրությունը մեկնաբանելու խնդրանքի։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատակիցը, ով ըստ մամուլի տեղեկությունների «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի եղբայրն է, ժողով է անցկացնում: 

Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վերջինս հավաքել է սուպերմարկետների ցանցի աշխատողներին, գովաբանել նրանց, որոնք շատ ձայներ են հավաքել եղբոր օգտին, իսկ «հետ մնացածների» համար խիստ «դատավճիռ սահմանել»։

Հարությունյանը նշեց, որ, որպես արդարադատության նախարար, իրավունք չունի մեկնաբանել գործի քննությունը, ավելին՝ հետաքննության մանրամասներին ծանոթ չէ։ Սակայն ընդգծեց, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը կքննարկի կարգապահական հարցերն ու ավելի խիստ կլինի ոչ կոռեկտ վարքագծի նկատմամբ։