Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում եւ ձեռք բերված տվյալները հրապարակելը ճիշտ չի լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ» գրուպի ժողովի հայտնի ձայնագրությանը:

«Որեւէ անձի դատի տալն ունի որոշակի չափորոշիչներ, պայմաններ, եւ եթե իրականացվում է նախաքննություն եւ այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահաջից բխող իրավական հետեւանք է: Քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, դրանով ձեռք բերված տվյալները, փաստարկները ճիշտ չի լինի հրապարակել: Դա օրենքով սահմանված արգելք է, բայց վստահեցնում եմ, որ հանրության համար հետաքրքրություն ներկայացվող յուրաքանչյուր գործով երբ կկայացվեն որոշումներ, դրանք ըստ անհրաժեշտության շատ մանրամասնությամբ կներկայացվեն», - ասաց գլխավոր դատախազը:

Հարցին, թե դուք բացառո՞ւմ եք, որ այդպես էլ այդ գործով մեղադրյալներ չգտնվեն եւ բավարար ապացույցներ չլինելու հիմքով գործը կարճվի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես գիտե՞ք երբ կբացառեի, եթե որոշում լիներ: Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում»:

Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ գլխավոր դատախազությունն առավելագույնս թափանցիկ է եղել, ԱԺ ընտրությունների ընթացքում 20 քրեական գործ է հարուցվել, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում՝ 10. «Տեղաշարժ կա, արդյունքներում կայացվել են հիմնավոր, պատշաճ որոշումներ, մեղադրյալներ կան: Հարուցված 20 քրեական գործից 14-ն ուղարկվել է դատարան, այսինքն՝ առնվանզ 13 անձ դատի է տրվել քրեական պատասխանատվության ենթարկվելու համար»: