Կոնֆեդերացիաների գավաթն անցկացվում է Ռուսաստանի 4 քաղաքներում. եկող տարի Ռուսաստանն ընդունելու է Աշխարհի առաջնությունն իր 11 քաղաքներում, որոնցից մի քանիսը դեռ պատրաստ չեն: Մոսկվայից ու Պետերբուրգից բացի ամենապատրաստները Սոչին ու Կազանն են: Շատերի կարծիքով՝ «Կազան Արենան» Ռուսաստանի ամենալավ մարզադաշտն է, իսկ Կազանը՝ ամենահարմարավետ քաղաքներից մեկը: Փորձեցինք մեր աչքով համոզվել:

Մոսկվայից 850 կմ դեպի արեւելք գտնվող Կազանը համարվում է Ռուսաստանի երրորդ մայրաքաղաքը: Թաթարստանի մայրաքաղաքը Ռուսաստանի ամենաբազմազգ քաղաքն է: Կազանը համարվել է Եվրոպայում տուրիզմի տեսանկյունից ամենարագ զարգացող երրորդ քաղաքը: Այստեղ կան երկու նախադրյալներ՝ Թաթարստանը հարուստ երկրամաս է, իսկ Կազանն էլ պատմական հուշարձաններով լի քաղաք է, որը ռուսական ու թաթարական մշակույթների միաձուլում է: Բացի այդ, հազարամյա պատմություն ունեցող Կազանն իր մեջ պահել է հարուստ պատմություն՝ մոնղոլներից, Իվան Ահեղից մինչեւ ԽՍՀՄ տարիներ: Բացի այդ, թաթարական խոհանոցը շատ հարուստ է, իսկ Իրինա Շեյքի համաշխարհային հաջողությունից հետո էլ շատերը ցանկանում են տեսնել, արդյոք Թաթարստանում այդքան շա՞տ են գեղեցիկ աղջիկները…

Ի տարբերություն նախորդ տարվա Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվում էր Ֆրանսիայում, Ռուսաստանում քաղաքների միջեւ հեռավորությունը բավական մեծ է, եկող տարի էլ նրանց միանալու է Եկատերինբուրգը: Ռուսաստանն իր կողմից հաճելի քայլ է կատարել եւ բոլոր երկրպագուները, որոնք ունեն խաղի տոմսեր, միջքաղաքային գնացքներով երթեւեկում են անվճար: Դա չի վերաբերում արագընթաց գնացքներին, այլ միայն հատուկ FIFA-ի խաղերի համար նախատեսված գնացքներին:

Մոսկվայի «Կազանսկի» կայարանից գնացքը 12 ժամում հասնում է Կազանի գլխավոր կայարան: Պետք է նշել, որ երկրպագուների համար ռուսները տրամադրել են լավագույն գնացքները:

Կազանում ֆուտբոլից բացի երկրպագուներին տեսնելու շատ բաներ կան: Առաջին հերթին դա իհարկե Կազանի Կրեմլն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:  Կազանի Կրեմլի կառուցումը սկսվել է 10-րդ դարում: Այսօր այն ուղղափառ եկեղեցիներով, մեծագույն մզկիթով, աշտարակներով, պարիսպներով, թանգարաններով գեղեցիկ վայր է: Կազան տարեկան այցելում է երկու միլիոն զբոսաշրջիկ: Կրեմլից բացի, Կազանում կան շատ այլ գեղեցիկ վայրեր, օրինակ Բաումանի փողոցը, որտեղ էլ ֆուտբոլի երկրպագուների համար միջոցառումներ էին կազմակերպվել:

Երկրպագուների համար քաղաքային տրասպորտն անվճար է, իսկ uber տաքիսները բավական էժան: «Կազան Արենան» կառուցվել  է  2013-ին: Այն չորս աստղին համապատասխան մարզադաշտ է, որն ունի  45 000 նստատեղ: «Կազան Արենան» արդեն մեկ անգամ մեծ միջացառում է ընդունել՝ 2013-ի Ունիվեսիադան: «Կազան Արենան» Կոնֆեդերացիաների գավաթի մարզադաշտերից բացի լինելու է նաեւ Աշխարհի առաջնության հիմնական մարզադաշտերից մեկը:

Մարզադաշտն այնքան հարմար է կառուցված, որ վտանգի դեպքում բոլոր մարդկանց տարհանումը տեւում է 8 րոպե: Բացի այդ, «Կազան Արենան» կարող է պարծենալ իր ճակատային մասի ամենամեծ էկրանով: Պատահական չէ, որ օտարերկրյա ու տեղացի  շատ լրագրողների կարծիքով Կազանի մարզադաշտն այս պահին լավագույնն է Ռուսաստանում:

Իհարկե, եկող տարի մենք կտեսնենք՝ արդյոք  մյուս մարզադշտերը նույնպես պատրաստ են: Հատկապես հետաքրքիր կլինի տեսնել վերանորգված «Լուժնիկին»: Եթե Պետերբուրգի մարզադաշտը դեռ հարցեր առաջացնում է, ապա «Կազան Արենան» իսկապես լիովին պատրաստ է: Եթե պատրաստվում եք եկող տարի այցելել Աշխարհի առաջնության խաղերը դիտելու, ապա, աշխատեք, որ ձեր ընտրած քաղաքներից մեկը լինի Կազանը:

Վերա Մարտիրոսյան