Transparency international հակակոռուպցիոն կենտրոնն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումներին։

Հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանում Transparency international-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ սա արդեն թվով հինգերորդ մոնիթորինգն է։ Նախորդներից այն տարբերվում է նրանով, որ նախորդ տարիներում հիմնականում շեշտադրվում էր քարոզարշավի ֆինանսավորումը։ «Վերջին տարիները ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսի օգտագործումը ավելի կարեւոր է դարձել»,- ընդգծեց Հոկտանյանը։

Ներկա մոնիթորինգն անցկացվել է մարտի 5-ից ապրիլի 1-ը։ «Մեթոդիկայի հեղինակների կարծիքով՝ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսն ընտրությունների ընթացքում արդեն չի կիրառվել։ Սակայն դա այդպես չէ»,-հավելեց ծրագրերի ղեկավարը։

Մեթոդիկան երկու միջոց է օգտագործում՝ լրատվամիջոցների տվյալների ուսումնասիրությունը եւ պարզապես մոնիթորինգ։

Հետազոտությանը մասնակցել են 13 քաղաքներից հարցվածներ։ Մոնիթորինգն անցկացվել է ոչ թե հարցազրույցների, այլ դիտորդների օգնությամբ։ «Ստեղծված իրադրությունում հարցազրույցներն արդյունք չէին տա»,-հստակեցրեց Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ մոնիթորինգի ընթացքում խախտումների կոնկրետ փաստեր են արձանագրվել, եւ ընդհանուր առմամբ նախընտրական խախտումները համակարգային բնույթ են կրում։ Հոկտանյանի խոսքով՝ ընտրողներին կաշառելու 90 դեպք է արձանագրվել, որոնցից 53-ը նկատել են դիտորդները, մյուս տվյալները հաղորդել են լրատվամիջոցները։ Հիմնականում աչքի են ընկել ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Ընդհանուր առմամբ, ընտրակաշառ բաժանելը ամենատարածված իրավախախտումն է։

Երկրորդ տեղում են պաշտոնատար անձանց՝ շտաբերում, աշխատանքի ժամանակ իրականացրած խախտումները։ «Ինչ էլ ասի ԿԸՀ-ն՝ դա լուրջ խախտում է եւ վարչական ռեսուրսի օգտագործում»,- հավելեց Հոկտանյանը։ Լայնորեն տարածված էին ընտրողների վրա ճնշում գործադրելու մեթոդները։ Դա կարող էր անել, օրինակ, գործատուն։