Ռուսաստանը հյուրընկալեց Կոնֆեդերացիների գավաթը: Խոսվում է, որ այս մրցաշարն այեւս չի անցկացվելու: Կոնֆեդերացիաների գավաթի անցկացման հիմնական պատճառը Աշխարհի առաջնությունն անցկացնող երկրի պատրաստվածությունը ստուգելն է:  Այն, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ ԱԱ-ին պարզ է, ինչպես նաեւ պարզ էր, որ Բրազիլիան մինչեւ աշխարհի առաջնությունը չէր հասցրել բոլոր մարզադաշտերը պատրաստել 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ: Այս պահին Ռուսաստանի մի քանի քաղաքների մարզադաշտեր դեռ  պատրաստ չեն: Մինչ եկող տարվա վերջը պետք է որ բոլորը պատրաստ լինեն:

Ի՞նչ տվեց Կոնֆեդերացիաների գավաթը Ռուսաստանին եւ ֆուտբոլասեր հասարակությանը

Ֆուտբոլային առումով եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլ խաղում են բոլորը, բայց հաղթում են գերմանացիները: Իսկ եթե ավելի լուրջ, գերմանացիների կատարած բարեփոխումները տասը տարի առաջ, այսօր արդեն արդեն մեծ արդյունքներ են տալիս: Գերմանիայի, կարելի է ասել երրորդ կազմը, դարձավ մրցաշարի հաղթող: Բացի այդ, Գերմանիայի հավաքականն արդեն տասը տարի է, ինչ երրորդ տեղից ցածր արդյունք չի գրանցում: Գերմանիան առաջին անգամ դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող:

Բացի այդ Կոնֆեդերացիաների գավաթը դարձավ առաջին մրշաշարը, որտեղ սկսեցին օգտագործել վիդեոկրկնապատկերները՝ մրցավարներին օգնելու համար: Որքանով դա արդյունք տվեց, հստակ ասել հնարավոր չէ: Համենայնդեպս, երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիան մրցավարական սխալների օգնությամբ հաղթեց Մեքսիկային, իսկ կրկնապատկերներն այս անգամ անզոր եղան:

Կոնֆեդերացիաների գավաթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ռուսաստանում ծախսվող ահռելի գումարները ռուսական ֆուտբոլի զարգացմանը չեն նպաստում, հավաքականի ցուցադրած խաղը ոչնչով չի բարելավվում: Ռուս ֆուտբոլիստները հերթական անգամ կոտրեցին երկրպագուների սրտերը: Եթե առաջ նրանք ասում էին՝ որ իրենց պարտությունը երկրպագուների խնդիրն է, մյուս անգամ պարտությունը նշում Մոնտե Կարլոյում, ապա այս անգամ արդեն հարցնում են՝ ի՞նչ անենք, կախվե՞նք: Մինչդեռ Չիլիի կիսապաշտպան Մարսելո Դիասը, ում մեղքով Չիլիի հավաքականը պարտվեց երզափակիչում, արցունքները չէր կարողանում զսպել լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Իսկ հիմա կարեւորի մասին...

Ռուսաստանի պատրաստ լինելը մեծ կասկածներ էր առաջացնում:  Կկարողանա՞ն արդյոք ռուսներն անցկացնել Աշխարհի առաջնությունը: Այս պահին կարելի է միայն ասել, որ Ռուսաստանը գերազանց անցկացրեց Կոնֆեդերացիաների գավաթը: Մարզադաշտերը, պայմանները,  կամավորականների աշխատանքը... ամեն բան անթերի էր: Բացի այդ, ռուսները հոգացել էին երկրպագուների ու լրագրողների հարմարավետության մասին: Լրագրողները եւ խաղերի տոմս ունեցող երկրպագուներն անվճար օգտվում էին քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտից: Խաղերի համար գնացքի կայարաններում ավելացված էին հատուկ գնացքներ, որոնք սպասարկում էին միայն ֆուտբոլասեր հասարակությանը:

Բացի այդ, անվտանգությունը բարձր մակարդակի վրա էր: Մետրոյի բոլոր կայարաններում, գնացքներում, հասարակական վայրերում խիստ հսկողություն էր: Թեեւ Մոսկվան իր խցանումներով ամենաանհարմար քաղաքներից է, մետրոյի եւ տրանսպորտի մյուս տեսակների անթերի աշխատանքի շնորհիվ դա ոչ մի կերպ չէր անդրադառնում ֆուտբոլային կյանքի վրա:

Եթե համեմատենք մեկ տարի առաջ Եվրո 2016 –ի հետ, որն անցկացվում էր Ֆրանսիայում, տարբերությունը շատ մեծ էր՝ ի վնաս Ֆրանսիայի: Այո, Ֆրանսիան եվրոպական երկիր է՝ ֆուտբոլային հարուստ պատմությամբ, բայց Եվրոպայի առաջնությանը նրանք պատրաստվել էին, մեղմ ասած՝ միջին: Թե պայմանները, թե մթնոլորտը Ռուսաստանի նման տրամադրող չէր: Ասեմ ավելին, բոլոր եղած մեծ մրցաշարերը, որոնք անցկացվել են տարբեր քաղաքներում, իմ տեսած ամենից մեծ նկատելի աշխատանքը Ռուսաստանում էր: Ցավոք՝ ես չեմ եղել Գերմանիայում անցկացված Աշխարհի առաջնությանը 2006–ին: Ասում են` դա լավագույն էր: Կարող եմ հավատալ, քանի որ Գերմանիա – Հայաստան ընկերական խաղին նրանք պատրաստվել էին իդեալական:

Իհարկե, թերություններ ու բացթողումներ հաստատ կան: Բայց այս պահի դրությամբ հաստատ կարելի է ասել, որ Ռուսաստանն իր առաջին մեծ փորձությունն անցավ ու եկող տարի կընդունի ֆուտբոլային աշխարհի կարեւորագույն մրցաշարը: Որքան էլ շատ ռուսներ դժգոհեն, որ իրենց երկրի տնտեսական վիճակը հաշվի առնելով այս մրցաշարը տեղին չէ, միեւնույն է, նրանք կարողանում են լավ պատրաստվել կարեւոր խաղերին: Եվ դա նրանք բազմիցս ապացուցել են: Իսկ այս պահից սկսած սկսում ենք հաշվել օրերը մինչեւ Աշխարհի առաջնության խաղերը:

Վերա Մարտիրոսյան