Ադրբեջանի կողմից 350 դիվանագիտական չվերթների միջոցով ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու մասին լուրերին պետք է թերահավատորեն վերաբերվել։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա հավաստի տեղեկություն չէ եւ կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող տեղեկատվական պատերազմի հետ։ «Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն տեղեկատվական եւ քարոզչական պատերազմներ։ Տարբերակներ գոյություն ունեն, երբ նմանատիպ հրապարակումները հրապարակայնորեն են արվում, սակայն ընդհանուր ոչինչ չունեն հետաքննության հետ»,- հստակեցրեց քաղաքագետը։

Իսկանդարյանը նշեց, որ զենքի վաճառքի ոլորտում դժվար է ինչ-որ բան թաքցնել, հատկապես եթե խոսքը զգալի քանակությամբ մատակարարումների մասին է։

«Զենքի նման քանակության ու չափերի մատակարարում պետության ու պետական մարմինների մասնակցությամբ հաճախ չի լինում։ Դա պետք է պարզել։ Պետք է պարզեն մասնագետները։ Ես միանշանակ եզրակացությունների չէի հանգի այն միայն պատճառով, որ ինձ պարզապես հոդված են ցույց տվել»,-ընդգծեց Իսկանդարյանը։