Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում կքննարկվեն ձգձգված հակամարտությունների խնդիրները, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս մասին «Նովոստի-Ադրբեջան» գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերիկ Պրիմբետովը։  

Նա նշել է, որ վերջերս կայացած մերձկասպյան երկրների 3-րդ համաժողովի ընթացքում Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը։ «Հուսանք, որ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում այս բարդ հակամարտության ուղղությամբ որոշ դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Բաքվում Ղազախստանի դեսպանը։   

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Մի շարք հարցերի քննարկումից բացի անդրադարձ է կատարվելու նաեւ ԼՂ խնդրին։ Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի նախագահն արդեն ժամանել է Աստանա։