Բոլոր 30 տնօրենները հրաժարվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազամկերպության և դրա նախագահ Դանիել Իոաննիսյանի դեմ իրենց հայցերից: Այս մասին նշել է 30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:

Նրանք բոլորը որոշել են հրաժարվել հայցից և լիազորել են իրենց փաստաբաններին այսօր դատարանում հանդես գալ իրենց անունից եւ հրաժարվել հայցերից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 17-ին, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը:

Դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարել էր, որ տնօրեններից հայցվոր Երանուհի Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։

Իսկ օրեր առաջ Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն էր մամուլում հայտարարել, որ որոշել է հետ վերցնել դիմումը:

Դատավորն նաեւ հայտարարել էր, որ իր վարույթում գտնվող մյուս տնօրեն հայցվորները նույնպես հրաժարվել են դիմումներից։ Ըստ փաստաբանների, Անի Մխիթարյանի մոտ նույնաբովանդակ եւս չորս գործ է քննվում։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաեւ տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

Այդ տնօրենները համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները եւ վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ: