Արձակուրդային տրամադրություն է տիրում, բայց մենք հիմա ծրագիր ենք մեկնարկում, որը հնարավոր չէ առանց շահագրգիռ կողմերի մասնակցության եւ աջակցության: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) իրագործելու եւ ընդերքի օգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ծրագիրն իրականացվելու է 2017-2018 թվականներին, ԱՃԹՆ միջոցառումների շրջանակում  եւ Բրիտանական դեսպանության ֆինանսավորմամբ: 

«Ծրագրի կատարման առումով կարեւոր տեղ է զբաղեցնում նախնական ուսումնասիրությունը, որը նաեւ հնարավորություն կտա վեր հանել, թե ինչ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքեր ունենք: Դեսպանատան ծրագրում այս ծրագիրը կյանքի կոչելու մեջ կարեւոր դեր է խաղալու պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը, որին կաջակցեն բրիտանացի փորձագետները: Աշխատանքային խմբերով պետք է ամենօրյա աշխատանք տանենք,  աջակցենք ծրագրի հաջող կատարմանը սեղմ ժամկետում»,- ասաց նախարարը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը համաժողովի ժամանակ ներկայացրեց հանքարդյունաբերության 3 պայմանական փուլերը, որոնց նկատմամբ հատուկ մոտեցմամբ պետք է իրագործվի ծրագիրը:

«Հանքարդյունաբերության ոլորտը կարող ենք փուլերի բաժանել, հանքարդյունաբերության կյանքի ընթացքը, որը սկսում է այն գիտելիքից, որ արդեն առկա է եւ տնտեսական արժեք ունի, հետո՝ հետազոտության փուլ, որ բացահայտում է պաշարների քանակը եւ որակը, հետո անցնում ենք շահագործման: Ես շատ լայն եմ սա պատկերացնում՝ թույլտվությունների ընթացքը, ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) գործընթացը, հանքի փակումը, հետո՝ հավիտյանս հավիտենից դրա պաշտպանումը»,- նշեց Ամիրխանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր փուլի համար պետք է դրսեւորել հատուկ մոտեցում եւ քաղաքականություն:

«Լիցենզավորում, թույլտվություն, իրավունքների փոխանցում, թե օրենքով ինչ կերպ է կարգավորվում, պայմանագրերի կնքում. այս փաթեթը դառնում է նաեւ պետության քաղաքականությունը»,- ասաց Ամիրխանյանը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել բազմաշահառու խմբի նիստի ներկայացուցիչներին ու կարեւորել  ծրագրի մեկնարկը, որն, ըստ դեսպանի, կարող է երկկողմանի արդյունք ապահովել: «Մենք պատրաստ ենք աջակցելու ծրագրի իրագործմանը, մենք հավատում ենք, որ այն կտա սպասված արդյունքը, որով կբարձրացնենք ոլորտի վերաբերյալ տեղակատվության թափանցիկությունն ու կարողությունը»,- ընդգծել է դեսպանը:

Ծրագրի շրջանակում կուսումնասիրվեն ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման եւ գրանցման առանձնահատկությունները, պայմանագրերը հանքարդյունահանող կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող հարցեր:

 Նիստի ավարտին ԲՇԽ անդամները քննարկել են մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին մասնակցում են 51 երկրներ: Այն ընդգրկում  է բնական պաշարների արդյունահանումից մինչեւ քաղաքացիների վրա դրա ունեցած ազդեցության հետ կապված խնդիրները, թե ինչպես են տրամադրվում եւ գրանցվում ընդերքօգտագործման պայմանագրերը, ովքեր են դրա շահառուները, ինչ ֆինանսական եւ իրավական կարգավորումներ կան եւ այլն: