Անկարայի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը վերանայելու մասին Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությանը կհաջորդեն որոշակի գործողություններ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, գերմանա- թուրքական հարաբերությունները արդեն երկար ժամանակ գտնվում են խնրդրահարույց դաշտում։ «Ու Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ էության, միանգամայն տրամաբանական էր, քանի որ թուրքական կողմից  ոչ միայն նորմալ հարաբերություններին հակասող հայտարարություններ են բազմիցս հնչել, այլեւ որոշակի քայլեր են ձեռնարկվել, որոնք ոտնահարում էին դիվանագիտական էթիկայի որոշակի նորմեր, միջպետական հարաբերությունների ընդունելի չափորոշիչներ»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը։ Վերջին սրացումից հետո, շարունակեց թուրքագետը, մասնավորապես Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորումից, Թուրքիայում ՆԱՏՕ-ի կայանից գերմանական ռազմական միավորումը դուրս բերելուց հետո ավելի իրատեսական է դառնում այն, որ նախարարի հայտարարությանը կհաջորդեն որոշակի գործողություններ, առավել եւս որ դրա համար նախապայմաններ կան։ «Չմոռանանք, որ թուրք-գերմանական հարաբերությունները ունեն լարվածության եւս մեկ ասպեկտ։ Գերմանիայի բազմամիլիոնանոց թուրքական համայնքը ու դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք արդեն մի քանի տասնամյակ պայմանավորում են թուրք- գերմանական օրակարգը։ Այսինքն դա մեծ խնդիր է Գերմանիայի համար, որի լուծման համար ձեռնարկվում են տարբեր քայլեր։ Կարծում եմ, որ գերմանացի պաշտոնյաների հայտարարություններում քողարկված է նաեւ այդ լրջագույն խնդիրը՝ Գերմանիայում թուրքական ներկայությունը ու դրա հետ կապված «բացասական էֆեկտները»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Թուրքիայում իրավապաշտանների կալանավորման կապակցությամբ Գերմանիան կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, վարկային ու ներդրումային ծրագրերը։ Նախարարը ասել է նաեւ «Ես կարող եմ բացահայտ ասել, որ չեմ կարող պատկերացնել մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, երբ ԵՄ քաղաքացիները այդ ընթացքում անհիմն կալանավորվում են Թուրքիայում»։