Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ 37-ամյա Գեւորգ Կասպարովը օրերս հեռացավ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից»: 

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանն ու ֆուտբոլիստը մեկնաբանեցին այդ լուրը. «Կասպարովն ինձ խնդրեց, որ բաց թողենք իրեն: Ասաց, որ այլ թիմ է ցանկանում գնալ, եթե չեմ սխալվում՝ «Գանձասար-Կապան»: Ես համաձայնեցի: Գեւորգը շատ լավ մարդ է ու լավ ֆուտբոլիստ է: Բնական է, որ իրեն դուր չէր գալիս պահեստայինների նստարանին նստել ու լինել երկրորդ դարպասապահ: Կարծում եմ՝ նաեւ իր կարգի ֆուտբոլիստի համար էլ այդքան հարմար չէր այդ իրավիճակը»- ասաց Բագրատ Նավոյանը:

Իր հերթին Կասպարովը հաստատեց, որ իր ցանկությամբ է հեռացել թիմից:

«Հեռացել եմ իմ ցանկությամբ: Այս պահին չեմ կարող ասել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Մի քանի տարբերակ ունեմ: Մոտ օրերս պարզ կդառնա»,-ասաց Կասպարովը:

Բագրատ Նավոյանը նաեւ ավելացրեց, որ թիմի հիմնական դարպասապահը կմնա Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը,: Բայց թիմը ցանկություն ունի հրավիրել արտերկրից ուժեղ դարպասապահի: Լավ տարբերակ գտնելու դեպքում նրան անպայման կհրավիրեն «Ալաշկերտ»:

Վերա Մարտիրոսյան