Հուլիսի 25-ին Հայաստանի նկարիչների միության շենքում բացվել է ցուցահանդես՝ արվեստագետ Հրաչյա Գալստյանի պատվին։

Միջոցառմանը ներկա էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Ցուցահանդեսին ներկայացված էին արվեստագետի երեք ստեղծագործական փուլերը՝ գեղանկարչությունը, քանդակագործությունն ու կավագործությունը։

Նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, Հրաչյա Գալստյանի ժանրերի բազմազանությունը զարմացնում է։ «Ես կարծում եմ, որ նման շրջանակով արվեստագետը շատ բան կարող է տալ թե մեր այսօրվա հասարակությանը, թե ապագա սերնդին։ Հատկապես զարմանալի է այն փաստը, որ 1988-ին Ղարաբաղյան պատերազմին մասնակցելուց հետո, երբ նա վիրավորում էր ստացել ու վերադարձել, նրա արվեստում սկսել է գերիշխել հենց հայրենասիրական թեման։ Ու դա մենք տեսնում ենք նրա ստեղծագործություններում»- նշել է նախարարը։