Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը համաձայն է ընտրվելու դեպքում լինել Պոլսի պատրիարքը:

NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդը, որի հայրը Թուրքիայում է ծնվել, նշեց, որ իր սկզբունքներին առհասարակ դեմ է հրաժարվելը:

«Մենք կամ ընտրվում ենք, կամ չենք ընտրվում, ընդամենն ասում ենք, որ այո, ընտրվելու դեպքում պատրաստ եմ աշխատել, կամ չեմ ուզում ընտրվել: Որպես հոգեւորական՝ պատրաստ եմ աշխատել ամենուր, բայց չեմ կարծում, որ իմ հնարավորություններն այդքան մեծ են ընտրվելու: Օրը կգա բարին էլ հետը, ամեն դեպքում իմ սկզբունքին դեմ է հրաժարվելը, որեւէ պատասխանատվությունից չեմ հրաժարվում: Սակայն, սա չի նշանակում, որ ոտքով-ձեռքով պիտի մտնեմ այս մրցապայքարի մեջ, չնայած սա մրցապայքար չէ, սա հոգեւոր պատրիարքի ընտրություն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել էր, որ մինչեւ հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ:

«Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին եւ հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս եւ ժողովրդին ծանոթացնենք նրանց:

Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սեւան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի», - ասել է նա «Հայձայնին» տված հարցազրույցում:

Նշենք, որ Պալսո պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը ծնված լինի Թուրքիայում: Մինչ օրս շրջանառվում էին Պոլսո պատրիարքի 4 հավանական թեկնածուներ՝ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: