Ռուսաստանին հաջողվել է թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Փորձագետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից միայն Ղազախստանին ու Բելառուսին է հաջողվում դիմակայել Ռուսաստանի քաղաքական հավակնություններին։ «Եվ որքան շատ է Հայաստանը զիջում Ռուսաստանին, այնքան ավելի շատ զիջումների է Ռուսաստանը սպասում»,-վստահ է  քաղաքագետը, որին արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Գրիգորյանի կարծիքով՝ տվյալ խնդրի լուծման երեք միջոց գոյություն ունի։

«Առաջին՝ մնալ ԵՏՄ-ում եւ շարունակել հայկական իշխանությունների առաջարկած տարբերակը, ավելի կոնկրետ՝ աստիճանաբար լուծել առկա խնդիրները, ինչը միանգամայն տրամաբանական է։ Երկրորդ՝ դուրս գալ ԵՏՄ-ից։ Ես անձամբ երրորդ լուծումն եմ առաջարկում՝ թող ամեն ինչ իր հունով ընթանա»,-ասաց փորձագետը՝ հստակեցնելով, որ կամ վաղ թե ուշ ռուսական իշխանություններն իրենց գրծողություններով Հայաստանին կստիպեն դուրս գալ ԵՏՄ-ից կամ ԵՏՄ-ն կարժանանա ԱՊՀ-ի ճակատագրին եւ որոշ ժամանակ անց կդադարի գործել որպես կազմակերպություն՝ ձեւականորեն շարունակելով պահպանել գոյությունը։