Դեռ ոչ մի տարի Եվրոպայի լիգայում այսքան անհաջող չէին խաղացել հայկական թիմերը: Անհաջողության հիմնական պատճառը՝ վեցթիմանոց առաջնությունն է: Կարծում եմ՝ խնդրի միակ լուծումը պրոֆեսիոնալ լիգա ստեղծելն է: Այս մասին NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանը:

Պարոն Սահակյան, մի քանի օրից կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Կրկին 6 թիմով ենք սկսելու: Եվրագավաթներն էլ այս տարի կրկին, կարելի է ասել, ձախողեցինք: Ի՞նչ կարելի է սպասել այս տարի:

Ցավոք, «Շիրակը» նույնպես այս տարի վատ հանդես եկավ՝ հատկապես առաջին խաղում: Այս տարի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես կգան միայն 6 թիմեր: Ես արդեն 7 տարի է ֆուտբոլի մեջ եմ և կարող եմ ասել, որ մեր ֆուտբոլը հետընթաց է ապրում: Դեռ ոչ մի տարի Եվրոպայի լիգայում այսքան անհաջող չէին խաղացել հայկական թիմերը: Անհաջողության հիմնական պատճառը՝ վեցթիմանոց առաջնությունն է: Այս տարի առաջին անգամ էինք խաղում 6 թիմերով: Տարին մի քանի անգամ նույն թիմերի հետ ենք խաղում, անգամ ընկերական հանդիպումները: Ֆուտբոլիստների մոտ մոտիվացիայի պակաս է սկսվում: Ինչքան կարող է այսպես շարունակվել՝ չգիտեմ, բայց իրավիճակը մտահոգիչ է: Այս ձևաչափը ցույց տվեց, որ զարգանալու տեղ չկա: Կարծում եմ՝ խնդրի միակ լուծումը պրոֆեսիոնալ լիգա ստեղծելն է, երբ ակումբի նախագահները իրենք կորոշեն իրենց անելիքները, առաջնության հետ կապված հարցերը: Ես ինքս եղել եմ գործկոմի անդամ, երբ քվեարկել եմ մրցաշարի աշուն – գարուն ձևաչափին անցնելու տարբերակի օգտին, բայց այս պահին տեսնում եմ, որ դա շատ սխալ է: Այս կարգի հարցերը պետք է քննարկեն ակումբների նախագահները: Բացի այդ, ստացվում է, որ Հայաստանի առաջնությունում հիմնական կազմում խաղալու 66 տեղ կա ու գումարած դրան լեգեոներների թվի սահմանափակում չկա: Եթե մոտավոր 26 լեգեոներ էլ խաղա, ստացվում է, որ Հայաստանի առաջնությունում կարող են խաղալ 40 հայ ֆուտբոլիստներ: Մեզ մոտ՝ Գյումրիում, պարապում են 450 երեխաներ: Հարցերն ու խնդիրները շատ են: Միակ լուծումը պրոֆեսիոնալ լիգա ստեղծելն է: Գուցե այդ դեպքում էլ մեծ փոփոխություններ չլինեն, բայց այն մարդիկ, ովքեր գումար են ծախսում ֆուտբոլի վրա, կկարողանան իրենք իրենցով լուծումներ ման գալ:

Ինչպե՞ս եք պատկերացնում պրոֆեսիոնալ լիգայի գործունեությունը:

Ինչպես և մյուս բոլոր տեղերում: Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում կան պրոֆեսիոնալ լիգաներ: Իրենք իրենց մեջ են լուծում խնդիրները՝ անգամ Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում: Մենք ունեինք Վահան Բիչախչյանի պես լավ կադր: Հնարավոր է՝ եկող սերնդում էլ լինեն տաղանդավոր երեխաներ: Բայց գլոբալ առումով դա թիմի համար փրկություն չէ: Եթե այսպես շարունակվի, միակ հույսը՝ հաջորդ Եվրոպայի լիգայում ավելի թույլ մրցակցի հանդիպելն է: Այս ինքնահոս վիճակում ոչ մի դրական բան չկա:

Իսկ եթե լիգան ստեղծվի, ներդրումները կմեծանա՞ն: Չէ որ անընդհատ ասվում է, որ Հայաստանում, հաշվի առնելով տնտեսական վիճակը, ֆուտբոլի մեջ ներդրումներ չեն արվում:

Թիմ պահելը պետք է ավելի էժան լինի: Ինչպե՞ս լինի էժան, եթե բոլոր թիմերը ձգտում են դառնալ չեմպիոն ու բերեն լեգեոներներ: Կարող է մի թիմ ունենա  80 000 դոլար բյուջե և 7-րդ տեղ գրավի: Դա նրանց համար մեծ դժբախտություն չի լինի: Մեր խնդիրը նրանում է, որ բոլոր թիմերը ցանկանում են խաղալ Եվրագավաթերում, որ գումար վաստակեն: Այն թիմերը որոնք չեն խաղում, փակվում են: «Միկայի» վերջին մրցաշրջանը վառ օրինակ է: Եթե ունենաք 6 թիմ միշտ վերջին 2 չեն խաղա ու գումար չեն վաստակի, բայց այդպես չպետք է լինի: Իտալիայում այն թիմերը, որոնք մրցանակային տեղերում չեն հայտնվում, չեն փակվում: Հայաստանում կան ավելի շատ ֆուտբոլիստներ, քան թիմերում՝ տեղեր: Շատ երիտասարդներ պատրաստ են խաղալ շատ ավելի քիչ գումարով, միայն թե մնան ֆուտբոլի մեջ, որ զարգանան:

Բայց կա նաև բանակի խնդիրը:

Բանակի խնդիրը ֆունդամենտալ է, բայց պետք է հասկանանք՝ ինչ երկրում ենք ապրում: Լավ կլիներ, իհարկե, բանակը իր թիմն ունենար: Մեծ ծախսեր չէր պահանջվի, բայց շատ ֆուտբոլիստների օգուտ կլիներ:

Ձեզ մոտ երբևիցե եղե՞լ է միտք թողնել «Շիրակը»:

Իմ դեպքում մի քիչ այլ է: Մենք ունենք մեծ ակադեմիա: Շուտով լավ արդյունքներ ենք տեսնելու: Այս պահին մեզ մոտ 2000-ին ծնված երեխաների մեջ շատ լավերը կան: Մի քանի տարուց մենք կխաղանք միայն տեղացիներով: Թիմը թողնելու գայթակղությունը, իհարկե, եղել է, բայց մեր ակադեմիայում պարապում են 450 երեխաներ: Ի տարբերություն Երևանի, որտեղ հնարավորություններն ու թիմերը ավելի շատ են, այնտեղի երեխաների  համար թիմում խաղալը արդեն մեծ երազանք է: Գյումրին համարվում է սպորտի մայրաքաղաք, բայց այս պահին Գյումրիում ֆուտբոլով ավելի շատ երեխա է զբաղվում, քան մյուս բոլոր մարզաձևերում՝ իրար հետ վերցրած: Իսկ մյուս մարզաձևերը հովանավորվում են պետության, մարզպետարանի կողմից: Հաջողված ֆուտբոլիստն ավելի շատ է վաստակում, քան մյուս մարզաձերի ներկայացուցիչները: Դա էլ է երեխաներին մոտիվացնում:  Վահան Բիչախչյանի օրինակը, հուսամ, կօգնի երեխաներին:

Այս տարի երկու նոր թիմեր բացվեցին, որոնք հանդես կգան Առաջին խմբում: Դա ինչ-որ տեղ հուսադրո՞ւմ է:

Իհարկե, բայց ավելի լավ կլիներ, որ նրանք հանդես գային Բարձրագույն խմբում:

Եթե նորաստեղծ թիմերը խաղային Բարձագույն խմբում կամ առաջնությանը մասնակցեր  10  թիմ, դա ինչ-որ տեղ փրկություն կլինե՞ր:

Կլիներ: Մենք ամբողջ տարին սպասում էինք, որ թիմերի քանակը կավելանա, բայց մնացինք կրկին վեցով, և դա չի կարող ազդեցություն չունենալ: Մի թիմի ֆուտբոլիստները, որ անընդհատ խաղան նույն մրցակցի հետ, կբթանան: Բացի այդ մենք այլ խնդիր էլ ունենք. մենք չենք խաղում հարևանների հետ: Պարսկական թիմերի հետ չենք կարողանում խաղալ: Նրանց գրաֆիկը այլ է՝ մեր գրաֆիկի հետ չի բռնում: Վրացիների հետ էինք փորձում խաղալ, նրանց մոտ առաջնություն էր: Եթե երկու բառով ամփոփենք այս հարցազրույցը՝ Հայաստանի առաջնությունը այս տեմպերով շատ կթուլանա, իսկ արդյունքը կտեսնենք Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ: Այն մարդիկ, ովքեր ծախսեր են անում ու մտահոգ են, նրանք էլ պետք է  ղեկավարեն ֆուտբոլային լիգան, ինչպես ամբողջ աշխարհում է: Դա վերաբերում է մրցաշարի ձևաչափին, խաղերի հեռարձակմանը, անգամ հովանավորչական հարցերին:

Իսկ այս թեման երբեք չի՞ բարձրացվել:

Համենայն դեպս ես ինքս նման քննարկման չեմ մասնակցել:

Վերա Մարտիրոսյան