Մենք իրականացնում ենք օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» թերթին տված հարցազրույցում։

«Մեր երկիրը Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների եւ տեղական ընկերությունների միջեւ: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը մեր հարեւան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Ինչպես նշեցի, մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաեւ բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաեւ բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ «Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ եւս ականատես կլինենք համագործակցության աճին»,- ասել է նախագահը: