Բիոպարարտանյութեր արտադրող  Orwaco հայկական ընկերությունը մտադիր է վերամշակել երեւանյան գյուղատնտեսական շուկաների թափոնները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայ- նորվեգական համատեղ ձեռնարկության տնօրեն Լուսինե Նալբանդյանը։

Այդ նպատակի համար պիտանի են ոչ միայն մրգերի ու բանջարեղենի թափոնները, այլ նույնիսկ սուրճի մնացորդը։ Դրանից կտրուկ բարձրանում է այն որդերի արտադրողականությունը, որոնք թափոնները պարարտանյութի են վերամշակում։

«Քաղաքային աղբանոցի կեսից ավելին օրգանական աղբ է։ Վերջերս գերմանական Կասելի համալսարանի մասնագետների իրականացրած ուսումնասիրությունը հերթական անգամ հաստատել է դա։ Նրանք պարզել են, որ Աբովյան քաղաքում աղբի 40-60 տոկոսը օրգանիկա է։ Այն կարելի է վերամշակել ու ստանալ գյուղացիներին անհաժեշտ պարարտանյութ՝ առանց քիմիայի։ Թափոններում օրգանիկան շատ է, բայց սկզբնական փուլում պետք չէ դրա համար այդքան հեռու գնալ ու այն աղբանոցից բերել։ Օրգանիկա կա պատրաստի տեսքով՝ մրգերի ու բանջարեղենի թափոնները, որոնք հավաքվում են գյուղատնտեսական շուկաներում օրվա վերջում»,- նկատեց նա։

Այդ երկու ուղղություններով՝ «շուկայական» ու «սրճային», ընկերությունն ուզում է արտադրություն զարգացնել։ Նախագիծը ներկայացվել էր Sevan Startup Summit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, որը անցկացվել է հուլիսի վերջին Սեւանա լճի ափին։