Լատվիայի կառավարությունը հավանության է արժանացրել փարանջա կրելն արգելող օրենքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով LNT հեռուստաալիքը։

Օրինագիծը 2016 թվականի սեպտեմբերին մշակել է  Լատվիայի արդարադատության նախարարությունը, երբ միջազգային ծրագրի շրջանակում հանրապետությանը հարկադրեցին մահմեդական երկրներից փախստականներ ընդունել։

«Արգելքը վերաբերում է նրանց, որոնք կցանկանան գալ եւ հնարավոր է այստեղ բնակություն հաստատեն։ Նրանք պետք է իմանան՝ ինչպիսի օրենքներ են սահմանված Լատվիայում»,-հայտարարել է արդարադատության նախարար Դզինթար Ռասնաչսը։

Սակայն արգելքը չի վերաբերում ոստիկաններին, հրշեջ-փրկարարական ծառայությունների աշխատակիցներին եւ բժիշկներին։ Բացի այդ՝ արգելքը չի ազդի նաեւ սպորտսմենների, դերասանների, գեղարվեստական եւ տոնական միջոցառումների մասնակիցների վրա։

Եթե կոալիցիոն կուսակցություններից ոչ մեկը օրինագծի այս տարբերակի դեմ առարկություններ չունենա, ապա առաջիկա երկու շաբաթում կառավարությունը կընդունի օրենքը։