Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 12, ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասաց, որ կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:

«Մարման աշխատանքները դեռեւս շարունակվում են, այս պահին միայն կարող ենք ասել, որ հրդեհը չի տարածվի, քանի որ միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքը մեկուսացնելու համար, խրամուղիներ են փորվել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը, ՊՆ զինծառայողներ, մոտակա գյուղերի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան:

Աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները, ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը: